Այսօր «Ժողովուրդ» օրաթերթն ապրիլմեկյան կատակ էր արել՝ «Կ» նշանի տակ հրապարակելով մի լուր՝ ըստ որի՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն, և Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականի, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնել քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին և ամեն ինչ բերել մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:
Թերթը օգտագործել էր նաև ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի պատվիրակության` Երևանում գտնվելու փաստը, որն էլ ավելի հավաստի էր դարձրել տեղեկությունը: Ինչպես հայտնի է, Նարիշկինը Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի մտերիմ ընկերն է: Ավելին, գրվել էր, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստ է հրավիրված: Ու քանի որ լուրը կառուցված էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին բնորոշ շեշտադրումներով՝ ռուսական գործոնի ֆետիշացմամբ, ուստի հայրենի քաղաքական դաշտն իրար է խառնվել: Խմբագրությունում չեն դադարում զանգերը՝ ճշտելու՝ Ծառուկյանն իսկապես վերադառնալու է մեծ քաղաքականություն: Ընդ որում, զանգահարում են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ ու տարբեր գործիչներ: Լրագրողների մեծ մասն էլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնականից է փորձել իմանալ, թե երբ է կայանալու ՀՀԿ ԳՄ խոստացված նիստը: ՀՀԿ խոսնակի օգնականը ստիպված եղավ անգամ համացանցում գրել. «Ժողովո´ւրդ ջան, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլմեկյան կատակ է արել, այսօր ԳՄ նիստ չկա»: Քաղաքական կատակը չէր ընկալվել նաև քաղաքական դաշտի մի քանի ներկայացուցչի կողմից: Նրանց մեծ մասը սկսեց վերլուծություններ անել այս թեմայով:
Օրինակ` արթիկցի նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը կարծում է, որ քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է: «Ամեն ինչ հնարավոր եմ համարում: Քանի որ անունը քաղաքականություն է, ապա ամեն ինչ հնարավոր է: Երբեք հավերժ թշնամիներ և հավերժ բարեկամներ չեն լինում: Եթե այդ սկսզբունքը հաշվի առնենք, ապա ամեն ինչ հնարավոր է»,- ասաց Պետոյանը:
Գագիկ Ծառուկյանի և այն ժամանակ Համաժողովրդական շարժման կողքին կանգնած «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն էլ նույն թեմայի վերաբերյալ ասաց, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն բացառված չէ:
«Նա հայտարարել է, որ դուրս է գալիս ակտիվ քաղաքականությունից, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ պահից սկսած` նա ակտիվ քաղաքականություն չի վերադառնա: Սա` առաջին: Երկրորդ` դա ամենևին կապ չունի այն բանի հետ, որ որևէ երկրից կարող է հայաստանյան իշխանություններին հրահանգ իջեցվի`Հայաստանում նման գործընթաց սկսելու համար:
Ես չեմ կարծում, որ նախ` Ռուսաստանն իրեն թույլ կտա, որ ներքաղաքական նման հարցերով միջամտի Հայաստանի ներքին գործերին, և երկրորդ` չեմ կարծում, որ հայաստանյան իշխանությունները թույլ կտան նման կարգով` որպես սուվերեն պետություն հրահանգ իջեցվի այլ երկրների ղեկավարների կողմից` անկախ նրանից, թե դիմացի պետությունն ինչ դերակատարություն ունի մեր տարածաշրջանում: Այսինքն` դրանք այն խնդիրները չեն, որտեղ պետությունները միջամտեն: Չի բացառվում, որ խոսակցություններ եղել են: Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև բավականին լավ հարաբերությունները` կարող է հարցը քննարկման նյութ դառնալ: Դրա համար ես բացառում եմ, որ կարող է նման հրահանգ իջեցվել հայաստանյան իշխանություններին և վերջիններս էլ պարտավորություն վերցնեն: Միանշանակ, բացառում եմ: Ընդհանրապես, պետությունների փոխհարաբերություններում երկրի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և այլ խնդիրների վերաբերյալ ստրատեգիական գործընկեր պետությունները միմյանց տեղյակ պահում են»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ Տիգրան Կարապետյանը, թերևս, մեր զրուցակիցներից միակն էր, որ Ծառուկյանի վերադարձը ռեալ չհամարեց. «Եթե թարգել ա, ուրեմն թարգել ա: Ինքը չի ուզում: Խաչ ա քաշել էդ գործի վրա ու ճիշտ էլ արել ա»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Ուշագրավ և զավեշտալի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս կատակի վերաբերյալ զավեշտալի պատասխան էր տվել Tert.am-ին. «Գիտե՞ք, վատ է անգամ, որ Դուք հիմա կրկնում եք նման անհեթեթությունը։ Երբեմն հոդվածներ են շարադրվում մեր մամուլում՝ «հավաստի աղբյուրների» վրա հղումով, որոնց առաջին իսկ այդ բառերից արդեն հասկանալի է լինում, որ հիմա մի կատարյալ անհեթեթություն է շարադրված լինելու: Դուք հիմա հենց նման օրինակի մասին էիք հարցնում»,- ասել է Բաղդասարյանը:
Ամեն դեպքում Վահրամ Բաղդասարանը ճիշտ կաներ հումորի զգացողության վերականգնողական դասընթացների մասնակցեր, հակառակ պարագայում դժվար կլինի այդպես ապրելը:
Համաձայնեք՝ «Ժողովուրդ» օրաթերթին և armlur.am-ին հաջողվեց խաբել շատերին՝ ժպիտ առաջացնելով դժգույն քաղաքական կյանքի «ներկայացուցիչների» մոտ գոնե մի քանի վայրկյանով:
Քրիստինա Աղալարյան