ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատակիցները շարունակում են որոնել նույն քաղաքի բնակիչ, 1941թ. ծնված Ասքանազ Մելիքյանին, որը սեպտեմբերի 2-ի առավոտյան նախիրն ուղեկցել է Նավուր գյուղից վերեւ՝ «Դուռնալու» կոչվող հանդամաս, եւ չի վերադարձել:
Տեղեկացնենք, որ Ա. Մելիքյանի որդին՝ 27-ամյա Վրեժ Մելիքյանը, այս տարվա հուլիսի 23-ին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի տարածքում Վարդավառի տոնակատարության ժամանակ ծագած վեճի ընթացքում դանակով հինգ-վեց անգամ հարվածել է Այգեպար գյուղի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին, որը հետո մահացել է: Ասքանազ Մելիքյանը, որը Բերդի բնակիչների շրջանում հայտնի է Ասկո անունով, հակում ունի ոգելից խմիչքի հանդեպ: Բերդի բնակիչները կարծիք էին հայտնել, որ 71-ամյա տղամարդը կարող էր ինքնասպան լինել, քանի որ նրա որդին՝ Վրեժը, արդեն երկրորդ անգամ է բանտ նստում:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, առավել հավանական են համարում, որ Ասքանազ Մելիքյանը, լինելով տարեց մարդ ու առողջական խնդիրներ ունենալով, բնական մահով մահացած լինի: Ոստիկանության Բերդի բաժանմունքից հայտնեցին, որ ոստիկանների տասնհինգ հոգանոց խումբն անտառում շարունակում է անհետ կորածի որոնողական աշխատանքները, սակայն դեռեւս ոչ մի արդյունք: Քանի որ դեպքից ավելի քան տասն օր է անցել, եւ Ա. Մելիքյանին չեն գտել, սեպտեմբերի 14-ին՝ օրվա երկրորդ կեսին, քրեական գործ է հարուցվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):




Լրահոս