Դեպի ՀՀ տրանսֆերտները նվազում են. հայաստանցիներն ավելի շատ են գումար փոխանցում ՌԴ-ում ապրող ազգականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է այս տարվա փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների վիճակագրությունը: Ըստ այդմ, պարզվում է, որ իրականանում են բոլոր այն կանխատեսումները, որ Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում:

Այսպիսով՝ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով ընդհանուր Հայաստան է փոխանցվել 87 միլիոն 505 հազար դրամ, անցած տարվա 138 միլիոն 716 հազարի դիմաց: Հայաստանից դրամական միջոցների արտահոսքն այս տարվա փետրվարին կազմել է 59 միլիոն 965 հազար դոլար: Անցած տարվա փետրվարին գումարի արտահոսքի ցուցանիշը կազմել է 70 միլիոն 417 հազար դոլար: Այսինքն՝ ընդհանուր արտահոսքը նվազել է, սակայն Հայաստան եկած գումարների կտրուկ անկման արդյունքում «զուտ ներհոսքը»` մեր հանրապետություն փոխանցված եւ դուրս գնացած գումարների տարբերությունը, կազմել է ընդամենը 27 միլիոն 540 հազար դոլար: Անցած տարվա նույն ամսին տրանսֆերտների դրական մնացորդը կազմել էր 68 միլիոն 300 հազար դոլար: Անկումը կազմել է մոտ 60 տոկոս: Փետրվարին Հայաստան փոխանցված գումարների առավել ցածր մակարդակ վերջին անգամ արձանագրվել է ինը տարի առաջ` 2006 թվականին: Նույնիսկ 2009-ի փետրվարին` միջազգային տնտեսական ճգնաժամի ամենածանր շրջանում, Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը կազմել էր 30 միլիոն 872 հազար դոլար:

Այս տարվա առաջին երկու ամիսներին տրանսֆերտների դրական մնացորդը կազմել է 55 միլիոն 563 հազար դոլար: Անցած տարի այդ նույն ցուցանիշը եղել է 136 միլիոն 574 հազար դոլար, 2013-ին` 136 միլիոն 233 հազար դոլար, 2012-ին` 129 միլիոն 282 հազար դոլար: Այսինքն՝ այս տարվա միայն առաջին երկու ամիսներին տրանսֆերտների չափը սովորականից պակաս է ավելի քան 80 միլիոն դոլարով: Տրանսֆերտների հետ կապված մեկ այլ կարեւոր փոփոխություն եւս տեղի է ունեցել, խոսքը Հայաստան եկող գումարների կտրուկ անկման պայմաններում Հայաստանից դեպի արտերկիր ոչ առեւտրային փոխանցումների պահպանվող մեծ ծավալների մասին է: Այս տարվա փետրվարին Հայաստանից դեպի արտերկիր ոչ առեւտրային փոխանցումները կազմել են 26 միլիոն 844 հազար դոլար: Եթե մի դեպքում արտերկրում ապրող մեր հայրենակիցներն են իրենց հարազատներին գումար ուղարկելով նրանց այստեղ «պահում», ապա այս դեպքում հակառակ պատկերն ունենք, երբ Հայաստանում բնակվողներն են արտերկիր գումար ուղարկում՝ իրենց հարազատների սոցիալական կարիքները հոգալու համար: Ի դեպ, Հայաստանից ոչ առեւտրային դրամական փոխանցումների զգալի մասը` մոտ 19 միլիոն դոլար, գնացել է Ռուսաստան: Անցած տարվա փետրվարին դեպի Ռուսաստան ոչ առեւտրային փոխանցումները կազմել են մոտ 16 միլիոն 600 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2014-ի փետրվարին ոչ առեւտրային փոխանցումների ընդհանուր չափն ավելի մեծ է եղել եւ կազմել է 29 միլիոն 320 հազար դոլար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցները ստիպված են ավելի շատ գումար հատկացնել՝ Ռուսաստանում ապրող իրենց ազգականներին օգնելու համար:

Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ անկումը սկսվել է դեռեւս անցած տարվա աշնանից, ապա հասկանալի կդառնա, թե այդ երեւույթը Հայաստանի տնտեսությանը որքան ծանր կացության մեջ է դրել: Իսկ շարունակվելու դեպքում էլ այն կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Տրանսֆերտների անկման հիմնական պատճառը Ռուսաստանից եկող գումարների կտրուկ նվազելու փաստն է, որը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից եւ շարունակվում է մինչ օրս:

Նույնիսկ ռուս փորձագետները Ռուսաստանի տնտեսության վիճակի բարելավում չեն կանխատեսում եւ չեն թաքցնում, որ գնալով իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա: Ուստի ակնհայտ է, որ տրանսֆերտների անկումն առաջիկայում շարունակվելու է: Սակայն, եթե մինչ այս այդ գործոնը Հայաստանի ընդհանուր տնտեսության մեջ իրեն այդքան զգացնել չէր տալիս, ապա գնալով այդ երեւույթի բացասական հետեւանքներն առավել ցայտուն եւ առարկայական կդառնան: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանի ողջ ղեկավարությունը` Սերժ Սարգսյանից սկսած, վերջին ամիսներին աշխարհով մեկ ընկած փող է փնտրում, առայժմ՝ ապարդյուն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս