Ջրամատակարարումը շուրջօրյա դարձնելով` ջրի որակը չի բարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. դեկտեմբերից Նոյեմբերյան քաղաքում գրեթե շուրջօրյա ջրամատակարարում կա: Այն երբեմն կարճ ժամանակով ընդհատվում է, քանի որ քաղաքի ջրագծերի ներքին ցանցում վերանորոգման աշխատանքները շարունակվում են:

Նոյեմբերյանին տրվող խմելու ջրի քանակը բավարար է, սակայն դրա որակը՝ շատ մտահոգիչ: Բերդավան գյուղի խորքային հորերից պոմպերով Նոյեմբերյանին տրվող խմելու ջուրը կրային մեծ զանգված է պարունակում, եւ շատ նոյեմբերյանցիներ գերադասում են մատակարարված խմելու ջուրը օգտագործել կենցաղային կարիքների համար, իսկ խմելու նպատակով օգտվել միայն եռացված վիճակում: Նոյեմբերյանցիները խորհրդային տարիներին օգտագործել են Ստեփանավանի սարերից մղվող բարձրորակ ջուրը: Այն այժմ մատակարարվում է Այրում քաղաքին, իսկ Նոյեմբերյան հասցնելու համար հարկ է լուծել տեխնիկական որոշ խնդիրներ: Նոյեմբերյանի ջրամատակարարման հետ կապված այլ դժվարություններ էլ կան: Քաղաքի առանձնատներում բնակվողները կարող են ամիսներով չտեսնել ջրաչափական հորերում տեղադրված իրենց ջրաչափը, ինչպես շատերը տարիներով չեն տեսնում բնական գազի, էլեկտրաէներգիայի իրենց հաշվիչները:

Նոյեմբերյանցիները բողոքում են իրենց ստեպ-ստեպ այցելող տարբեր կարգի ստուգողներից, ովքեր ջրաչափերի վրա կապարակնիք չլինելու դեպքում բնակիչներին ենթարկում են պատասխանատվության: Նոյեմբերյանի ջրահեռացման համակարգը թեեւ հին է, սակայն գործում է: Բայց քաղաքում կան հատվածներ, որտեղ երբեւէ չի եղել ջրահեռացման ցանց: 24-ժամյա ջրամատակարարման պայմաններում դա խնդիրներ է ստեղծում: Այդ հարցն առավել հրատապ է քաղաքի 3 հատվածներում: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, «Հայջրմուղկոյուղու» գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին նամակով շնորհակալություն հայտնելով քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման համար, խնդրել է կոյուղու առանձին հատվածներ կառուցել եւ հայտնել, որ դրա համար Նոյեմբերյան համայնքը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում ֆինանսական եւ այլ աջակցություն ցուցաբերել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս