Երգիչ Մհերն (Մհեր Մեսրոպյան) իր երկրպագուների համար առաջիկայում մի շարք անակնկալներ ունի: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է իր ծրագրերի մասին, անդրադարձել ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկությանը, խոսել իր անվան շուրջ պտտվող ասեկոսեներից եւ անձնական կյանքից:
-Մհե՛ր, շուրջ 5 տարի է` մենահամերգ չեք ունեցել, այս ուղղությամբ մտածո՞ւմ եք, հանդիսատեսին, առհասարակ, անակնկալներ սպասվո՞ւմ են:
-Ինքս սպասում եմ գարնան վերջում կայանալիք իմ մենահամերգին. օրը դեռ որոշված չէ: Այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Իմ երկրպագուները ուրախանալու այլ առիթներ էլ կունենան: Արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել իմ եւ Լուսինե Պողոսյանի նոր դուետը, իսկ ավելի ուշ կներկայացնեմ ուրիշ նոր գործեր:
-Ռուսական շուկայի հետ համագործակցելու առիթներ բազմիցս ունեցել եք. այնտեղի շոու-բիզնես մուտք գործելու, հաստատվելու մասին երբեւէ մտածե՞լ եք, նման ցանկություն ունե՞ք:
-Այո՛, ցանկություն, միանշանակ, կա, պարզապես կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ: Դա այն դաշտն է, որին ես լավ ծանոթ եմ:
-Իսկ հայկական շուկայում կարողացե՞լ եք «տեղավորվել», այստեղ ստացվո՞ւմ է Ձեզ հարմարավետ զգալ:
-Այո՛, ես ինձ այստեղ զգում եմ կոմֆորտ միջավայրում: Եթե, օրինակ, յոթ տարի առաջ փոփոխման ենթակա շատ բան էի տեսնում, թեկուզ տեսահոլովակների որակին առնչվող, ապա այսօր այդ առումով զգալի առաջընթացն ակնհայտ է: Պարզապես մենք ունենք շուկայի նեղության խնդիր, մեր երգերը հնչում են միայն հայերենով, եւ մենք կարողանում ենք դրանք հասցնել միայն հայ հանդիսատեսին: Ինքս շատ կուզենայի հայ երգը տարբեր ազգերի շրջանում հնչեցնելու հնարավորություն ունենալ:
-Մհե՛ր, հայ հանդիսատեսի շարքում կա մի հատված, որ Ձեզ ասում է` փաստորեն, Դուք էլ անցաք «ռեստորանային» երգիչների շարքը… Ի՞նչ կպատասխանեք:
-Այո՛, ես երգում եմ ռեստորանում, մասնակցում եմ հարսանիքների, կնունքների, ծնունդների եւ դրան զուգահեռ կարող եմ ներկայանալ լուրջ համերգասրահներում, պաշտոնական միջոցառումներին` բոլորովին այլ ոճում: Այդ նույն ռեստորանում իմ ազգի ներկայացուցիչներն են, ես նրանց համար եմ ելույթ ունենում, այստեղ որեւէ ամոթալի բան չկա: Ես սիրում եմ իմ գործը եւ իմ երգը հաճույքով նվիրում եմ ժողովրդին` անկախ այն հանգամանքից, թե ինչ սրահում եմ ելույթ ունենում:
-Գիտենք, որ «Եվրատեսիլ»-ին մասնակցելու ցանկություն ունեք: Սպասում եք կոնկրետ առաջարկի, թե՞ գուցե ինքներդ հանդես գաք առաջարկությամբ:
-Ինքս այդ հարցով որեւէ մեկին չեմ դիմի: Իմ ցանկության մասին ես պարզ արտահայտվել եմ, եթե Հ1-ում մտածեն, որ իմ կարիքը կա, եւ հանդես գան կոնկրետ առաջարկով, գուցե ընդունեմ այն, գուցե՝ ոչ:
-Մի ժամանակ փորձեցիք Ռուսաստանում բիզնեսով զբաղվել, սակայն գործն ընթացք չստացավ: Այդ երկրում խոչընդոտներ ծագեցի՞ն, թե՞ առհասարակ, բիզնեը Ձեր ոլորտը չէ:
-Ընդհանրապես, բիզնեսն ինձ համար չէ: Ես հեռու եմ թղթաբանությունից, հաշվապահությունից, թույլ եմ մաթեմատիկայից (ծիծաղում է): Իմ բիզնեսն իմ գործն է, որով ես զբաղվում եմ: Իսկ իմ գործն անում եմ հնարավորինս լավ:
-Մհե՛ր, ասում են` կոնֆլիկտային անձնավորություն եք, որտեղի՞ց են գալիս այս ասեկոսեները:
-Ես պարզապես լռողներից չեմ: Եթե ինձ մի բան դուր չգա, ես կարտահայտվեմ այդ մասին, իսկ դա կարող է հանգեցնել կոնֆլիկտի: Դա նորմալ երեւույթ է, մարդկանց էլ թվում է, թե կոնֆլիկտային եմ, այդպես չէ…Իմ ընկերները, գործընկերները լավ ծանոթ են իմ խառնվածքին եւ կփաստեն հակառակի մասին:
-Ձեր անձնական կյանքը եւս քննարկումների կիզակետում է: Այս հարցում որեւէ նորություն ունե՞ք: Հետաքրքիր է` օտարազգի, օրինակ` ռուս աղջկա հետ Ձեր կյանքը կկապեի՞ք:
-Չեմ կարող ասել: Ասում են` երբեք մի ասա երբեք: Կարող է նա ռուս լինել, եթե ինձ հասկանա, ըմբռնի իմ աշխատանքի բնույթը, գիտակցի, որ կյանքը կապում է հայտնի մարդու հետ, ինչը հեշտ չէ…Իհարկե, ես կուզենամ, որ իմ երեխաների մայրը հայուհի լինի, բայց կյանքն այնպիսի բան է, ոչ չես կարող ասել, թե հաջորդ քայլին ինչ կպատահի: Կարեւորը, որ նա լինի իմաստուն եւ համբերատար: Այս պահին անձնական կյանքում ոչ մի նորություն չունեմ: Առհասարակ, շատ եմ ուզում ստեղծել իմ ընտանիքը, ունենալ երեխաներ…
Աննա Բաբաջանյան