Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թ-ի “Տարվա լավագույն հանրային ծառայող” անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը:
Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ Մուրադյանը ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և մայրաքաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին. “Լինելով Երևանի քաղաքապետերից ամենաերիտասարդը, Տարոն Մարգարյանը իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում գործով ապացուցեց իր նվիրվածությունը մայրաքաղաքին ու նրա բնակչությանը, դրանով իսկ արդարացնելով նաև Հանրապետության նախագահի վստահությունը: Մարդիկ ամեն օր են համոզվում, որ Երևանը դառնում է ավելի գեղեցիկ, գրավիչ ու հարմարավետ”,- նշել է Մուրադ Մուրադյանը վստահեցնելով, որ Տարոն Մարգարյանը արդեն իսկ արժանիորեն վաստակել է Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը կոչվելու պատիվը:
Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. “Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Շնորհակալ եմ նաև միջոցառման կազմակերպիչներին: Որպես Երևանի քաղաքապետ ուզում եմ ընդգծել, որ Երևանը մեր բոլորի տունն է և մենք բոլորս պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր տունը: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր տան գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը: