Ինչպես արդեն տեղեկացրել էր Armlur.am-ը, այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Քիչ առաջ հանդիպումն ավարտվեց: Գործարանի աշխատակիցները դժգոհ են դրա արդյունքից: Նրանք հայտնեցին, որ վարչապետն իրենց խոստացել է 2 օրից Համաշխարհային բանկի պատասխանը փոխանցել: Նրանք այլևս հույս չունեն, որ աշխատավարձ կստանան, շատ վրդովված են, անգամ սպառնում են փակել Տիգրան Մեծի պողոտան:
Նշենք, որ վարչապետը նաիրիտցիներին առաջարկել է ներկայացնել այն անձանց ցուցակը, ովքեր ունեն ուսանող երեխաներ, որպեսզի հանձնարարվի բուհերին համբերատար գտնվել վերջիններիս ուսման վարձի վճարման ժամկետների հարցում: Սակայն գործարանի աշխատակիցները կողմ չեն նաև դրան, քանի որ նրանցից քչերն ունեն ուսանող զավակներ: Փոխարենը` նրանք պահանջում են վճարել իրենց կոմունալ վարձերը: Սակայն դա էլ անհնար է` ըստ վարչապետի:
Քիչ առաջ կառավարության` նամակների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը նաիրիտցիներից երկու հոգու ներս հրավիրեց կառավարություն, որպեսզի վարչապետի կամ մեկ այլ անձի հետ գնան գործարան` վերահաշվարկ կատարելու և գործարանում որոշ ստուգումներ կատարելու:
Ա. Ղազարյանն Armlur.am-ին հայտնեց, որ նաիրիտցիները վարչապետի մոտ դժգոհել են, որ գործարանի ազատված աշխատակիցներից մեկը, ով թոշակառու է, նորից ընդունվել է աշխատանքի: Վարչապետը հանձնարարել է նաև ճշտել այդ տեղեկության իսկությունը: