Այսօր կառավարության նիստում քննարկվեց արտահանման ծրագրերի հարցը: Սահմանվեց, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից արտահանման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում արտադրված ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը կազմում է 75 տոկոս:
Գործադիրը շահութահարկի արտոնություն է սահմանել հարկ վճարողների այն խմբի համար, որի` ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի հանրագումարն առնվազն 40 մլրդ դրամ է: Այս դեպքում շահութահարկի դրույքաչափը 5 տոկոս է: 2 տոկոս դրույքաչափ է սահմանվել հարկ վճարողների այն խմբի համար, որի` ՀՀ տարածքից դուրս կատարած աշխատանքի արժեքի հանրագումարը առնվազն 50 մլրդ դրամ է:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ընդունված որոշումը և նշեց, որ դրա իրականացմամբ առաջընթաց կապահովվի: Հարկավոր է այնպես անել, որ տնտեսության ակտիվացմանը նպաստող արտահանման գործընթացում որևէ խոչընդոտ չառաջանա: