Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության դիմաց էին և հանդիպում ունեցան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նաև գրել էինք, որ նրանցից մի քանիսը հանդիպել են ԱԺ-ի` «Նաիրիտ»-ի հարցերով ստեղծված հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ:
Նաիրիտցիներին վարչապետի պատասխանը չգոհացրեց, բողոքի ակցիաները շարունակում են ուժի մեջ մնալ: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ ակցիաները շարունակական են լինելու և կդիմեն ավելի ծայրահեղ քայլերի` փողոց փակել և´ Կառավարության մոտ, և´ նախագահականի դիմաց: Հավաքված նաիրիտցիներն իրենց զայրույթն արտահայտում էին Ալեքսանդր Ղազարյանի հետ լեզվակռվի մեջ մտնելով: Վերջինս էլ մեղադրում էր նաիրիտցիներին, որ այդքան ժամանակ փող չեն ստացել, բայց շարունակել են աշխատել: «Դուք զատիկ անելո՞ւ եք: Մենք չենք անելու, որովհետև գումար չկա»,- վրդովված ասաց նրանցից մեկը:
Այնուհետև գործարանի մի քանի աշխատակցի հետ Կառավարության ստուգող խումբն ուղևորվեց «Նաիրիտ» գործարան` որոշակի ստուգումներ կատարելու համար, քանի որ, նաիրիտցիների խոսքով, ազատված աշխատակիցներից մի քանիսին` ընդ որում թոշակառու, հետ են ընդունել աշխատանքի: