Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ Ֆինանսավարկային հարցերով հանձնաժողովի նիստը: Նիստում քննարկվեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որը նախաձեռնել էին ԲՀԿ-ական պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը:
Մելքումյանն առաջարկում էր օրենքով ամրագրել, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն դրամային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 8 միլիոն հայկական դրամ լինի, իսկ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի միայն արտարժութային բանկային ավանդ, ապա երաշխավորված ավանդի չափը 4 միլիոն հայկական դրամ լինի:
Նշենք, որ այժմ գործող «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով սահմանված են հատուցման՝ երկու և չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային և դրամային ավանդների փոխհատուցման համար:
Նախագծով առաջարկվում է երկու անգամ բարձրացնել գործող սահմանաչափերը, ինչպես նաև փոփոխել ավանդների հատուցման գործող կարգը այն դեպքում, երբ ֆիզիկական անձն անվճարունակ ճանաչված բանկում ունի եւ՛ դրամային, եւ՛ արտարժութային ավանդ:
Նիստին ներկա էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ով նշեց, որ սույն օրենքի նախագծի ընդունումը կխթանի հանրապետությունում ներդրումային ակտիվությունը: Նրա խոսքով` բանկերը հնարավորություն կունենան ընդլայնելու տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ համապատասխանաբար դրական ազդեցություն կունենա երկրի ներդրումային ակտիվության վրա:
Ներկայացված հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց հերթական քառօրյայի օրակարգ: