«Ի՞նչ կապ ունի` ով ում փեսան է». ԲՀԿ-ականները` Կոտայքի մարզպետի նշանակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր Աբովյանի նախկին քաղաքապետ, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, նշանակվել է Կոտայքի մարզպետ:

ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կարծիքով` նշանակման վերաբերյալ դիրքորոշման խնդիր չկա, քանի որ Գուլոյանը կուսակցության անդամ չէ:

«Նա բազմաթիվ անգամ ապացուցել է, որ որպես համայնքի ղեկավար` իրեն փայլուն է դրսևորել: Իսկ որպես նորանշանակ մարզպետ` նա կզարգացնի մարզը: Այնպես որ, եկե´ք ողջունելով մոտենանք այս նշանակմանը»,- մեզ հետ զրույցում ասաց Բաբայանը և խորհուրդ տվեց չքաղաքականացնել հարցը: Դիտարկմանը, թե նշանակումը քաղաքական է, Բաբայանը հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ:

Իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Լյովա Խաչատրյանի կարծիքով` Կարապետ Գուլոյանը, հավանաբար. լավ է աշխատել, որ նշանակել են մարզպետի պաշտոնին: Նրա խոսքով` կապ չունի «ով ում փեսան է»: «Եթե նորմալ աշխատել է, ապա նորմալ է, որ նշանակել են: Աբովյանը նարմալ ղեկավարել է, մարզն էլ նորմալ կղեկավարի: Ենթատեքստ չեմ տեսնում»,- եզրափակեց իր խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս