ԵՍ ՉԵՄ ԳԱԼԻՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ինքնահռչակ նախագահ, էպոսագետ Վարդան Սեդրակյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ինքը շատ փող ունի եւ որեւէ երկրային քաղաքական ուժի սատարման կարիք չունի: Էպոսագետի պարզաբանմամբ` Սերժ Սարգսյանն այս ընտրություններում “կիքս չի տա”, քանի որ եթե նա գնա հակասահմանադրական քայլերի, ապա ինքն էլ կգնա:
-Պարո՛ն Սեդրակյան, Դուք հայտարարել եք, որ նախագահական ընտրություններում առաջադրելու եք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ ակնկալիքով եք գնում այդ քայլին:
-Ես վստահ եմ, որ ընտրվելու եմ: Հույսը բարի մարդկանց զենքն է, բայց այն մարդկանց, որոնք շատ-շատ վատ իրավիճակում են հայտնվել եւ հույսից բացի, էլ բան չունեն, իսկ ես դրան չեմ հասել: Հեքիաթներ կարդացել եք, լսել եք, երբ հեքիաթներում ասում են՝ հրեշը քաղաքը փակել է, եւ քաղաքը մեռնում է: Հեքիաթում շատերն ասում են՝ մի՛ գնացեք հրեշի մոտ: Հիմա էլ շատերը շատ բան կարող են անել ու ասել, բայց ինձ ի՞նչ: Շատերը պետք է փորձեն, իսկ մեկի մոտ պետք է ստացվի: Հիմա իմ ժամանակն է եկել: 2003թ. ուզում էի դնել, բայց հասկացա, որ ժամանակս չէ, իհարկե կարող էի ինչ-որ թիվ հավաքել, բայց հիմա եկել է իմ ժամանակը:
-Ո՞վ է Ձեզ սատարում: Կարո՞ղ է` իշխանության կողմից ներքին աջակցություն ունեք:
-Իշխանության կողմից ինձ աջակցում են, որ ես դուրս գամ Սերժ Սարգսյանի դեմ, հա՞: Ոչ ոք ինձ չի աջակցում: Ես առաջադրել եմ իմ թեկնածությունը` հենվելով հայոց “Սասնա ծռեր” էպոսի եւ աշխարհի շատ ու շատ ժողովուրդների էպոսների ու սրբազան գրքերի գաղափարախոսության վրա: Մի՞թե այսքանից հետո ես որեւէ երկրային քաղաքական ուժի սատարման կարիք ունեմ:
-Ձեզ որտեղի՞ց այդքան գումար, որ կարողանաք նախընտրական գրավը մուծել եւ կազմակերպել քարոզարշավը: 
-Ես շա՜տ փող ունեմ:
-Բայց որտեղի՞ց:
-Ախր տենց հարց չեն տալիս: Էդ ինչքա՞ն փող է որ, մի 20 հազ. դոլար չէ՞: Ես այս վերջին տարում իմ երեք մեքենաների վրա ծախսել եմ 250 հազ. դոլար: Իմ տարիների աշխատանքի շնորհիվ է: Ես արտասահմանում բազմաթիվ դասախոսություններ եմ կարդացել, սեմինարների եմ մասնակցել ու երբեք ոչ ոքից ոչ մի պարգեւ չեմ վերցրել:
-Մեր տեղեկություններով՝ հատկապես վերջին շրջանում Ձեր կենսամակարդակը շեշտակիորեն բարձրացել է: Ձեր որդին “Ռենջ ռովեր” մակնիշի մեքենա է վարում:
-Ձեր տեղեկությունն ինձ այնքա՜ն դուր եկավ: Փաստորեն, տենց հետեւել եք, հա՞, իմ կենսամակարդակին: Դե ընտանիքով փետրվարին Դուբայում էի: Դուբայից “Լեքսուս” մակնիշի մեքենա առա եւ նվիրեցի կնոջս` մեր ամուսնության 27-րդ տարեդարձի առթիվ: Անցած տարի սալոնից “Միցուբիշի” ջիփ եմ առել: Ի՞նչ ասեմ, շատ հողեր ունեմ, անասնաֆերմա ունեմ: Իսկ էդ “Ռենջ ռովեր”-ն այդքան էլ թանկանոց մեքենա չէ, 50 հազ. դոլար է:
-Դուք հայտարարում եք, որ գալիս եք արդարությունը վերականգնելու: Ինչպե՞ս եք դա անելու:
-Հենց տենց: Ընտրվելուց հետո արդարությունը վերականգնելու իմ առաջին քայլը լինելու է Ազգային Ժողովը ցրելը: Կանցկացվեն ԱԺ նոր ընտրություններ, քանի որ ես որեւէ կուսակցություն չեմ ներկայացնում, բնականաբար, ընտրություններն արդար կլինեն: Հետո կձեւավորվի կառավարությունը, նախագահը կնշանակի վարչապետին եւ եթե տեսնի, որ վարչապետն իր անելիքները մեկ տարվա մեջ լավ չի կատարում, կարող է փոխել: Այսինքն՝ տարվա մեջ կարելի է 3 վարչապետ փոխել, ԱԺ ցրել, եւ դա պետությունը կառողջացնի:
-Այս ամենն այն դեպքում, եթե Դուք ընտրվեք: Իսկ եթե ոչ, ի՞նչ կանեք:
-Դուք նայե՛ք հակառակ պատկերին, ինձ համար հակառակ պատկեր չկա: Կարծում եմ, որ մեր ներկայիս նախագահը եւ նախորդ նախագահը շատ կցանկանան, որ ես ընտրվեմ, քանի որ իմ ընտրվելով՝ իրենց հանգիստ հեռանալու շանս է տրվում: Երբ տիեզերքը 3 նախագահներին շանս տվեց դառնալ նախագահ, նրանց հնարավորություն տրվեց ընտրել փողը կամ կրակը, եւ նրանք ընտրեցին փողը, որովհետեւ ուղեղով էին աշխատում: Իսկ հոգիները մաքուր չէին: Ս. Սարգսյանը կիքս չի տա, դա հաստատ է. քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին գնաց, իսկ ես չեմ գնա: Ցանկացած ազդեցություն ունի հակազդեցություն: Ս. Սարգսյանը կգնա հակասահմանադրական քայլերի, ես էլ կգնամ:
-Չե՞ք կարծում, որ մարդիկ տարօրինակ կհամարեն Ձեզ, քանի որ էպոսի գաղափարներով կամ հեքիաթներով եք առաջնորդվում:
-Բայց դա ինձ չի հետաքրքրում: Իմ խնդիրը հայ ազգի ենթագիտակցությունն արթնացնելն է, ազգին ոտքի կանգնեցնելն է: Ես չեմ գալիս վրեժ լուծելու կամ Ս. Սարգսյանին հաղթելու:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս