ԲՀԿ-ն Կառավարության հետ կփորձի պայքարել կոռուպցիայի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս փետրվարի 19-ին՝ ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ իրենք նպատակ ունեն ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ: Վարչապետը նշել էր նաեւ, որ իրենք ցանկանում են, որ այդ խորհրդում ընդգրկվեն ԱԺ-ում ներկայացված կուսակցությունները՝ ընդդիմադիր ուժերի գլխավորությամբ:

Սակայն պարզվում է՝ խորհրդարանականներն այդքան էլ ոգեւորված չեն այդ կառույցի ստեղծմամբ: Հիշեցնենք, որ ստեղծվելիք կառույցը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի կազմում ընդգրկվել են նաեւ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։
Խորհրդում մեկական ներկայացուցիչ կարող են ունենալ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, եւս 2 ներկայացուցիչ՝ կոռուպցիայի դեմ պայքարող հասարակական կազմակերպությունները։

Ձեւավորվելիք խորհրդի հետ կապված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը օրերս հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Երկրի զարգացումն ապահովելու համար կարեւորագույն պայման է արդյունավետ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման համար գործուն ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը: Մեր խորին համոզմամբ այն կարող է լինել արդյունավետ, եթե ձեւավորվի որոշակի սկզբունքների հիման վրա, որպեսզի չկրկնի նախկինում ձեւավորված նույնանման հանձնաժողովների սխալները»: Հակոբյանը նշել է նաեւ, որ իրենք ունեն մի քանի կետից բաղկացած առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում իրենք կընդգրկվեն հանձնաժողովում:

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի հանձաժողովի մասին, հայտարարել է, որ իր համար անհասկանալի է, թե այդպիսով կոռուպցիայի դեմ պայքարի ի՞նչ մոդել է ընդունվում: «Անկախ փորձագիտական խմբում ընդգրկելու առաջարկին մենք պատասխանում ենք, որ ձեռնպահ ենք մնում թեկնածու առաջադրելուց մի քանի պատճառով: Առաջին պատճառն այն է, որ երկար տարիներ ունենք կոռուպցիայի դեմ պայքարի մեր առաջարկները, որոնք հիմնավոր պատճառով չեն մերժվել, բայց անտեսված են»:
ՀՅԴ-ականը հավելել է, թե կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրի գերակա խնդիրներից է, բայց դեռեւս չի իրացվել այն հիմնական մոտեցումը, որի շուրջ կկարողանան կոնսենսուսի գալ:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե հանձնաժողովում ընդգրկվելու հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունի ԲՀԿ խմբակցությունը:

-Պարո՛ն Բաբայան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ ստեղծվելու է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, որում պետք է ընդգրկվեն նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը: Արդյո՞ք ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին:

-Կառավարության հակակոռուպցիոն մարմնում մենք ներկայացնելու ենք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության դիրքորոշումը հետեւյալն է՝ Միքայել Մելքումյանը կմասնակցի այդ հանձնաժողովի առաջին նիստին, որից հետո մենք կքննարկենք այդ կառույցում ԲՀԿ-ի աշխատանքների շարունակականության հարցը: Մինչեւ առաջին նիստի կայանալը մենք ցանկություն չունենք, որեւէ գնահատական տալու՝ արդյոք դա իմիտացիոն, թե իրական բնույթ է կրելու: Եվ որպեսզի մերկապարանոց հայտարարություններ չլինեն, պարոն Մելքումյանն առաջին նիստին կմասնակցի, դրանից հետո մենք որոշում կկայացնենք այդ կառույցում մեր ներգրավածության, մեր մասնակցության ու մեր հետագա անելիքների մասին:

-ՀՅԴ-ն հանձնաժողովն անհասկանալի մոդել է համարում, իսկ «Ժառանգություն» խմբակցությունը առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունվելու դեպքում միայն կմասնակցի հանձնաժողովի նիստերին: Ինչո՞ւ է ԲՀԿ-ն որոշել առանց նախապայմանների մասնակցություն ունենալ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վստահում եք դրա համա՞ր: Գուցե վստա՞հ եք, որ Կառավարությունը ցանկանում է լուրջ պայքար տանել կոռուպցիայի դեմ:

-Կառույցի առաջին նիստը դեռեւս պետք է կայանա, ու քանի դեռ չի եղել նման հավաք, հանդիպում, նախապես գնահատականներ տալուց մենք զերծ կմնանք: Պարոն Մելքումյանը կմասնակցի, որից հետո մենք կանդրադառնանք այդ հարցին, արդյո՞ք նպատակահարմար է մասնակցել նման կառույցի աշխատանքներին, թե դա անիմաստ եւ անհետաքրքիր կառույց է: Դուք ցանկանում եք իմանալ մի բան, որը կլինի միայն մասնակցելուց հետո: Այս պահին ես որեւէ գնահատական տալու ցանկություն չունեմ, մեզ համար դեռ անհայտ է կառույցի մարտավարությունը, բովանդակությունը եւ առաջիկա քայլերը: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, եթե պարզի, որ կոռուպցիոն հանձնաժողովը իմիտացիոն գործողությունների վերաբերյալ է, ապա մենք իմիտացիոն աշխատանքները չենք լեգալացնի, ու մեր թեկնածու Միքայել Մելքումյանը դուրս կգա հանձնաժողովից:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց այս հարցի հետ կապված զրուցել նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, թե ինքը շատ զբաղված է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս