Գյումիրում մարտի 28-ին «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ վկայում է, որ ՀՀ ներկա իշխանություններն իրենց բնույթով ինչպես եղել են հակապետական, այդպիսին էլ շարունակում են լինել: Այն փաստը, որ ինչ-որ երիտասարդներ ոստիկանների ներկայությամբ իրենց թույլ են տալիս ձվեր նետել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ, իսկ այդ արարքը կանխել ցանկացող քաղաքացուն էլ դանակահարելով՝ ազատ հեռանալ, վկայում է այն իրողության մասին, որ այդ ամենն իրականացվել է ՀՀ իշխանությունների անմիջական հրահանգով: Ավելին՝ դեպքից անմիջապես հետո տարածվեց քաղաքացուն դանակահարած անձի լուսանկարը, բայց երեկվա դրությամբ նա դեռ չէր ձերբակալվել: Դե, իհարկե, իրեն քննադատողների նկատմամբ քրեական տարրերի օժանդակությամբ հաշվեհարդարն արտոնող իշխանությունը չի կարող առնչություն ունենալ պետության հետ: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում մեր երկիրը տարեցտարի նորանոր կորուստներ է ունենում՝ ինչպես դեմոգրաֆիական, այնպես էլ տնտեսական առումով:
Սահմանադրական փոփոխությունների ուղղվածության անորոշությունը խնդրի առաջ է կանգնեցրել Հայաստանի քաղաքական կուսակցությունների այն մասին, որոնք կողմ են խորհրդարանական կառավարման համակարգին: Օրինակ՝ ՀՅԴ-ն, որն ի սկզբանե չի թաքցրել՝ կողմ է սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ ակնկալում է՝ Հայաստանը կիսանախագահականից անցում պետք է կատարի խորհրդարանական կառավարման համակարգին: Բայց այսօր ոչ ոք չի կարող ասել՝ սահմանադրական փոփոխություններն, ի վերջո, ո՞ր ուղղությամբ են ընթանալու: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս անորոշության առնչությամբ ասաց. «Հանրապետության նախագահի խոսքը որոշակի մտահոգության տեղիք տալիս է, որ, այնուամենայնիվ, դեռ պահպանվում է հնարավորությունը, որ կարող են այս կիսանախագահական զարգացման մեխանիզմով գնալ առաջ: Մեզ մոտ պառլամենտական մոդելը ոչ թե պահի ազդեցության տակ ծնված տեսակետ է, այլ 20-25 տարի շարունակ մենք պնդում ենք այդ մասին եւ դրանում համոզված ենք»:
Այն պահից, երբ «Արմավիա» ավիաընկերությունը սնանկացավ, նախագահական ինքնաթիռը սկսեց սպասարկել «Ավիաուսումնական կենտորն» ՓԲԸ-ն: Նույնիսկ այն բանից հետո, երբ «Էյր Արմենիա» ավիաընկներությունը կազմավորվեց եւ 2013-ի հոկտեմբերից սկսեց չվերթներ իրականացնել, նախագահական ինքնաթիռի թռիչքները կազմակերպում էր նշված ՓԲԸ-ն: Ինչո՞ւ այն չվստահվեց «Էյր Արմենիա»-ին: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, քանի որ ՓԲԸ-ի կողմից Սերժ Սարգսյանի ինքնաթիռի չվերթների ապահովումը եւս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները համոզված են՝ հայկական փոխադրողը կանոնավոր եւ հաստատուն գործունեություն չի կարողանա ծավալել, իսկ նախագահական ինքնաթիռին անհրաժեշտ է ապահովել կանոնավոր թռիչքներ: Այլ կերպ ասած՝ ՀՀ Կառավարությունում ի սկզբանե գիտակցել են, որ Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության անցնելուց հետո հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա շուկայում հաստատուն գործունեություն ծավալել, եւ «իրենց գլխի ճարը տեսել են»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2015թ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների կողմից հարցաքննված մարդկանց թիվը հասել է 4228-ի: Նրանցից մոտ 500-ին հարցաքննել են ՀՀ քննչական կոմիտեի քննիչները: Իսկ մնացած ավելի քան 3 հազար 700 մարդկանց հարցաքննել է ռուսական կողմը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցաքննությունների արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի կառավարման հետ առնչություն ունեցող 18 անձ ազատվել է աշխատանքից: Ի դեպ, ըստ լուրերի՝ ազատվածների մեջ է եղել նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության այն պաշտոնյան, ում անմիջական ղեկավարության տակ է գտնվել Ռուսաստանի՝ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազան: Սակայն ամենաաբսուրդն այն է, որ այդ հարցաքննությունների արդյունքում ոչ թե բոլոր հարցերի պատասխաններն են ստացվել, այլ նորանոր հարցեր են ի հայտ եկել:
ԴԱՆԴԱՂ ՊԱՏԵՐԱԶՄ
Սահմանային չդադարող լարվածությունը եւ արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով գրանցվող միջադեպերը, որոնց արդյունքում անթույլատրելի հաճախակիությամբ զոհեր ենք տալիս, կարծես թե արդեն սովորական կենսաձեւ են դառնում: Եթե ընդամենը մեկ տարի առաջ իշխանական ռազմական փորձագետները հավաստիացնում էին, թե նախկինում էլ է Ադրբեջանը նման պարբերականությամբ խախտել հրադադարի ռեժիմն ու դիվերսիաներ իրականացրել, պարզապես այդ մասին տեղեկատվությունն այնքան հասանելի չի եղել, որքան հիմա, ապա անցած օգոստոսից սկսած արդեն իրենք են բարձրաձայնում, որ Ադրբեջանի այս պահվածքն աննախադեպ է: Սակայն հիմա, ի տարբերություն նախորդ տարիների, ո՛չ միջազգային կազմակերպությունները, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները այլեւս չեն արձագանքում սահմանային բոլոր միջադեպերին, եթե դրանց արդյունքում չեն գրանցվում մի քանի զոհեր: Մինչդեռ նախկինում անգամ մեկ զոհը կամ վիրավորն արդեն իսկ լուրջ առիթ էր, որպեսզի կողմերին զսպող հայտարարություն արվեր:
Օրեր առաջ ՀՀ Պն նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական սահմանին «դանդաղ պատերազմ» է, նախօրեին էլ նշել էր, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» է վարում, որի նպատակը Հայաստանը հյուծելն է: Այն փաստը, որ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակավ օգտագործում է «պատերազմ» բառը, ինքնին արդեն բավականին մտահոգիչ է, սակայն այնպիսի տպավորություն է, որ այդ մտահոգությունը հասու չէ մեր իշխանություններին` ի դեմս երկրի նախագահի եւ ԱԳՆ-ի, որոնք կարծես թե որեւէ տեսանելի քայլ չեն կատարում` հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքներ խոստացող գերտերություններին ահազանգելու ուղղությամբ: Կամ գուցե եւ անում են, սակայն գրանցված արդյունքն այնպիսին է, որ նրանք գերադասում են իրենց այդ քայլերի մասին հանրությանը չտեղեկացնել:
Ամեն դեպքում ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել է հակամարտությունը զենքով լուծելու ռազմավարություն, եւ այդ ուղղությամբ թեկուզ դանդաղ, սակայն հետեւողական քայլեր է իրականացնում: Այս իրավիճակում մեր քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, նմանվում են ինքնախաբեության: Քանզի պատրաստ չլինող պետությունն այդպիսի հետեւողականությամբ չի շարունակում «դանդաղ պատերազմը»` այդ ընթացքում նաեւ ստուգելով միջազգային հանրության արձագանքը, որը, ցավալիորեն, այնքան անհամարժեք է եւ իներտ:
Ուստի այսօր ոչ թե պետք է ամպագոռգոռ հայտարարություններ անել Բաքուն գրավելու մասին, այլեւ բոլոր հնարավոր ռեսուրսներն օգտագործել, որպեսզի միջազգային հանրությունն ի վերջո զսպի Ադրբեջանին: Այս իմաստով նաեւ պետք է լուրջ ճնշում բանեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների վրա, որոնք առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում ազերիներին սաստելու ուղղությամբ: