ՓՈՂԻՑ ԲԱՑԻ՝ ՆԱԵՎ ՍՆՈՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ին այս անգամ իր պատմությունը ներկայացրեց Ալիսան, որն անգամ չէր էլ ցանկանում զրուցել` պատճառաբանելով, որ իր կյանքը դժբախտությունների շարան է, ու իրեն, դառնությունից բացի, այլ բան չի տալիս: “Ինձ հետ մեծ դժբախտություն է պատահել, ի սեր Աստծո, մի՛ հիշեցրեք ու մի՛ հարցրեք”,-ասաց նա: Մեր զրուցակցին հանդիպեցինք Վազգեն Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց: Տարեց կինը չցանկացավ նշել իր տարիքը եւ բնակության վայրը: “Ձեզ ի՞նչ, թե ես որտեղ եմ ապրում ու ինչպես, ի՞նչ կարող եք անել ինձ համար: Ոչ մեկի օգնությունն էլ պետք չէ ինձ, աղջի՛կ ջան, քանի որ ինձ այլեւս ոչինչ չի օգնի”,-նշեց նա: Ալիսայի պատմելով՝ իր կյանքում մեծ դժբախտություն է եղել, եւ դրա պատճառով իրեն ինսուլտ է խփել: Անգամ մեզ հետ զրուցելիս նա դժվարությամբ էր խոսում ու հազիվ էր կարողանում արտահայտել իր մտքերը. “Դե ինսուլտը խփեց ձեռքիս, ոտքիս ու բերանիս հատվածով: Հայտնվելով այս վիճակում՝ հազիվ եմ կարողանում գոյությունս պահպանել”:
Ալիսայի պարզաբանմամբ՝ առողջական խնդիրների պատճառով ինքը չի կարողանում ամեն օր դուրս գալ փողոց եւ մարդկանցից օգնություն խնդրել. “Երբ հասկանում եմ, որ սովից մեռնում եմ, էլ չեմ կարողանում դիմանալ սովին, դուրս եմ գալիս փողոց ու այս բանկի մոտ եմ նստում (Կենտրոնական բանկ-խմբ.): Այստեղի տղաները շատ բարի են եւ ամեն անգամ անցնել-դառնալուց ինձ օգնում ենե: Օրվա մեջ հավաքում է 1000 դրամ, եւ դա իրեն բավականացնում է: “Փողից բացի՝ ինձ պերերիվ էլ են բերում, տեսե՛ք”,-ասաց նա` ցույց տալով իր կողքի տոպրակը, որի մեջ երկու տուփ հյութ եւ մեկ “բուտերբրոդ” կար: 
Մուրացիկ կինը դժգոհեց անցորդների վերաբերմունքից: “Ամերիկացիները շատ քցիբ են, մի կոպեկ փող չեն տալիս, իսկ այդ սիրիացիները շատ ավելի վատն են. նրանք փող են տալիս, հետո գնում մի անկյունի վրա սկսում են ծիծաղել, եւ այդ ամենը ես ամեն օր ապրում ու զգում եմ: Մեր հայ երիտասարդները շատ խղճով են”,-նշեց նա: Ալիսայի թոշակը 25 հազ. դրամ է եւ չի բավականացնում գոնե գոյատեւելու համար: “Եթե Սերժ Սարգսյանը կարողանար բարձրացնել մեր թոշակները, մենք ստիպված այս քայլին չէինք գնա, եւ շատ լավ կլիներ, բայց նման բան չեն անում”,-տխրությամբ նկատեց նա եւ չկարողացավ զսպել արցունքները: Ալիսայի պատմելով` իր հարազատները եւ բարեկամները չեն հետաքրքրվում իր կյանքով եւ չեն էլ օգնում իրեն, իսկ նրա միակ երազանքն այն է, որ այլեւս մուրացկանությամբ չզբաղվի, աշխարհում խաղաղություն լինի, եւ ոչ մի ծնող կյանքում կորուստ չունենա: Նա չցանկացավ լուսանկարվել եւ սպառնաց. “Слушай, девочка, если ты будешь обо мне писать, я тебя достану”:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս