Հաջողությունների ընթացքում չպետք է մոռանալ, որ Հայաստանը ստիպված է դիմակայել Ադրբեջանի հակահայկական հիստերիային: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 20-ին, Անկախության օրվան նվիրված հանդիսավոր նիստում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
“Պետք չէ մոռանալ, որ մեր երկիրը գտնվում է պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ բազմաթիվ շահեր են բախվում”, -նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Հայաստանը ստիպված է դիմակայել բազմաթիվ սպառնալիքների, սկսած Ադրբեջանի հակահայկական հիստերիայից, նրա իսկ նախաձեռնած “դիպուկահարների պատերազմից”, հայկական դիրքերի վրա գիշերային անիմաստ գրոհներից մինչեւ հանցագործի արտահանձնումն Ադրբեջան, որտեղ նա հերոս հռչակվեց: “Պետությունը հիմնված է բանակի հզորության վրա”, – հիշեցրել է Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հենց բանակի զորությունն է երկրին թույլ տալիս ներկայացնել իր արդար դիրքորոշումն ու պահանջները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով, Հայաստանի եւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարների հրամաններով` ԶՈՒ եւ ղարաբաղյան պատերազմի մասնակիցների մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են մեդալներով, շատերը արտահերթ զինվորական կոչումներ են ստացել: