ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Ազգային ժողովի կայքից

Երեկ ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Սերգեյ Նարիշկինին դիմավորել են հայ խորհրդարանականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Օդանավակայանում ԱԺ փոխնախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ է նվիրել Սերգեյ Նարիշկինին: Հիշեցնենք, որ մարտի 29-ին Հայաստան էին ժամանել նաեւ ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամները, որոնք այցելել էին նաեւ Գյումրի, իսկ հանձնաժողովի նախագահ Լեոնիս Սլուցկին Գյումրիում հայտարարել է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը չի ձգձգվի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ սկզբունքով է իրականացվում օտարերկրյա պետական կամ հավատարմագրված ոչ պետական բուհերից ՀՀ բուհերի ուսանողների տեղափոխումը:

Մարիամ Ասատրյան (28 տարեկան, աստվածաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օտարերկրյա պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհից ՀՀ բուհ ուսանողի տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված եւ առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով ՀՀ վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համաձայնությամբ ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:
Ընդունող բուհը դրական կարծիքի դեպքում նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխության մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարը` համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական պատասխան ստանալուց հետո:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսօր Հայաստանյան բուհերում սովորում է մոտ 3.500 օտարերկրյա ուսանող: Հաշվի առնելով այս ցուցանիշը` կարելի է ասել, որ նման պարագայում Հայաստանն իսկապես կարող է լուրջ կրթական որակ ապահովել ոչ միայն տեղի, այլ նաեւ օտարերկրյա ուսանողների համար, եթե միայն արդյունավետ պայքար տարվի կոռուպցիայի դեմ, որն այս ոլորտի գլխավոր թուլություններից մեկն է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ՝ ինչպե՞ս են կարգավորվում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների սակագները:

Գեւորգ Սահակյան (39 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող բեռների սակագները կարգավորվում են «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով եւ 2008թ. փետրվարի 13-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրով:
Կոնցեսիոներն ազատ է սահմանելու սակագներ երկաթուղային փոխադրման ծառայությունների համար հետեւյալ բացառություններով.
ա) երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման վճարներ.
-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակում եւ հաստատում է օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը.
– հաստատում եւ իրականացնում է օգտագործման վճարի հաշվարկը:
բ) Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում;
գ) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման սակագները, որոնց ցանկը սահմանում է ՀՀ Կառավարության որոշմամբ:
դ) միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների սակագները դեպի Հայաստան կամ Հայաստանից դուրս կարգավորվում են միջազգային պայմանագրով, եթե Հայաստանի Հանրապետությունը դրան մասնակից է:

ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ թեեւ փոխադրվող բեռների սակագները որոշվում են «Կոնցեսիոն» պայմանագրով, այնուամենայնիվ, տվյալ պայմանագրով, բացառությամբ մի քանի դեպքերի, սակագների որեւէ կոնկրետ սահմանափակում չկա, եւ գնային քաղաքականության որոշումը թողնված է սեփականատիրոջ հայեցողության վրա:




Լրահոս