Ձերբակալվել է “Սևան ազգային պարկի” նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը: Այս մասին “Փաստինֆո”-ի ունեցած տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ տեղեկացնելով, որ նա ձերբակալվել է “Սևան” ազգային պարկե ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում:
“Փաստինֆոն” հիշեցնում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում “Սևան” ազգային պարկե ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին հարուցվել էր քրեական գործը, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության` ՀԿԳ վարչությանը:
Օրեր առաջ նույն այս գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ ՊԿ-ի Դիլիջանի սպասարկման գրասենյակի ղեկավար Է. Առաքելյանը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ: Վերջինս 1999թ. սեպտեմբերի 29-ից մինչև 2010թ. հունվարի 19-ը ղեկավարել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սևանի ստորաբաժանումը: Եվ, ըստ նախաքննական մարմնի, 2007-2009թթ. “Սևան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում, պաշտոնեական փաստաթղթերում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում Առաքելյանը կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկություններ, հետին ամսաթվով գրառումներ կատարելու միջոցով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է “Սևան” ազգային պարկե ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ:
Գործակալությունը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնում է նաև, որ բացի Գագիկ Մարտիրոսյանից, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է նաև կադաստրի պետական կոմիտեի Ճամբարակի ստորաբաժանման նախկին ղեկավար Ժիրայր Ստեփանյանը: