Հայաստանը մասնակցել է Ծերացման հարցերով համաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012թ. սեպտեմբերի 19-ից 20-ը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Ծերացման հարցերով Վիեննայում կազմակերպված նախարարական համաժողովին:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ համաժողովը կազմակերպվել էր Ավստրիայի Հանրապետության կառավարության կողմից, որին մասնակցում էին մոտ 50 երկրի կառավարական պատվիրակություններ:
Բնակչության ծերացման հարցը ռազմավարական խնդիր է դարձել միջազգային, տարածաշրջանային եւ ազգային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում: Անդամ երկրների կառավարությունները դեռեւս 2002թ. պարտավորություն էին ստանձնել ապահովել Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի կատարումը:
Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր եւ արձանագրել լուրջ առաջընթաց տարածաշրջանի մակարդակով:
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Գործադիր քարտուղարն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին: Մասնավորապես, տարածաշրջանում Հայաստանն առաջին երկիրն է, որ համապարփակ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակեց Ծերացման հիմնահարցերի լուծման ճանապարհային քարտեզ, իսկ 2012 թ. օգոստոս ամսին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց ոլորտում առաջին համապարփակ ռազմավարական փաստաթուղթը:
ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովը կարեւորեց Հայաստանի փորձի տարածումը տարածաշրջանի մյուս երկրներում:
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով ծերացման հիմնահարցերի հետ կապված Հայաստանում առկա իրավիճակը, ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերն ու ընթացիկ բարեփոխումները:
Նախարարն առանձին հանդիպումներ ունեցավ նաեւ տարբեր երկրների իր գործընկերների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:




Լրահոս