Սեպտեմբերի 17-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 56-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 18-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նախարարն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես` ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում ,սթրես-թեսթերիե անցկացմանը և մի շարք այլ հարցերի:
Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպում ունեցավ Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Հորդանանի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Խ. Թուքանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարները:
ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: