
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միանգամից երեք վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դրանցից մեկը վերաբերում է փաստաբան Սեդա Սաֆարյանի գանգատին «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որտեղ, ըստ Եվրադատարանի, խախտվել են Նալբանդյանների` արդար դատաքննության իրավունքը, դատական պաշտպանության մատչելիության իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունք է դրսևորվել նրանց նկատմամբ: Այս գործով, որպես փոխահատուցում, սահմանվել է, ընդհանուր առմամբ, 62 հազար եվրո գումար, որից Բագրատ Նալբանդյանին ՀՀ կառավարությունը պետք է վճարի 10 հազար եվրո, Նարինե Նալբանդյանին` 27 հազար եվրո, և Արևիկ Նալբանդյանին 25 հազար եվրո: Նշենք, որ վերը նշված երեք գործով ՄԻԵԴ-ի կողմից սահմանված գումարը գերազանցում է 70 հազար եվրոն, որը կողմերին պետք է վճարվի պետական բյուջեից:
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործից անցել է շուրջ 10 տարի: Տարիներ անց տուժող կողմի` դեռևս չսպիացած վերքի վրա կրկին աղ լցվեց: Խոսքը վերաբերում է մեծ աղմուկ հանած մի սպանության գործին, որը ժամանակին պաշտպանում էր փաստաբան Սեդա Սաֆարյանը: Այսօր պարզ դարձավ, որ փաստաբանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին` ընդդեմ տուժողի իրավահաջորդ Աղաբեկ Սարգսյանի: Փաստաբանի խոսքով, Ա. Սարգսյանը նրան զանգահարում և սպառնում է: Նշենք, որ սա փաստաբանների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների միակ դեպքը չէ։ Ամիսներ առաջ կրակոցներ էին արձակվել Թամարա Յայլոյանի բնակարանի ուղղությամբ։ Քեպետ հետագայում հետաքննող մարմինը հայտարարել է, որ դրանք փաստաբանին ուղղված չեն եղել։

Ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, Աղաբեկ Սարգսյանի` Սեդա Սաֆարյանին սպառնալու պատճառը եղել է ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված նրա պարզաբանումները` տրված լրատվամիջոցներին: Ս. Սաֆարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ ինքը հասկանում էր, որ ներկայացնում է հայաստանյան ներպետական ատյաններում ամենաանարդար գործերից մեկը, որտեղ շատ ակնառու էին խախտումները. մեղադրյալ, երկրորդ կարգի հաշմանդամ Բագրատ Նալբանդյանին տարել էին բաժին, երկար պահել, ծեծել և պարտադրել ընդունել Վարդենիսի 16-ամյա բնակիչ Սյուզաննա Սարգսյանի սպանությունը, որին 10 օր շարունակ փնտրել էին, 10-րդ օրը միայն գտել մազութի հորում, որը նախապես մի քանի անգամ ստուգվել էր և ոչինչ չէր հայտնաբերվել:
Armlur.am-ի հետ զրույցում Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ արդեն իսկ եղել է քննիչի մոտ, դիմել է Փաստաբանների պալատին` իր անվտանգությունն ապահովելու հարցով. «Եվրադատարանի արդարացումից հետո առաջին մտահոգիչ զանգը եղել է տուժողինը, ով հայհոյախառն և վրդովված ասում էր, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել, և դրա մեջ շատ մեծ է համարել իմ գործոնը: Հետո ասում էր` եթե քեզ տեսնեմ, այսպես կանեմ, այնպես կանեմ և այլն: Իհարկե, ես նրա հայհոյանքներով չէ, որ ծնվել և ապրում եմ: Ամեն մարդ ինչ ասում է, մեծամասամբ ինքն իր հասցեին է ասում: Ես պարզապես ուզում եմ հասկանալ` ինչու է տուժողը վրդովվել, որ Եվրադատարանը մեր դատարանների մասին նման դիրքորոշում է գրել: Ես կարծում եմ, որ նա մտահոգիչ բան ունի: Այն ժամանակ էլ նա իր շրջապատի հետ, նախաքննական մարմնի դրդմամբ, նաև այլ շահագրգիռ անձանց համագործակցությամբ կարողացավ շեղել գործի արդարացի քննությունը, և իր իսկ հորինած վարկածը, թե Նալբանդյաններն են պատժվելու, կարողացավ առաջ տանել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այս գործը նախադեպ կլինի, որպեսզի շատերը դասեր քաղեն կատարվածից:
Փաստաբանը վստահ է, որ չի կրկնվի այն, ինչ եղել է 10 տարի առաջ. «Ես կարծում եմ, որ եթե այս գործով ներպետական դատարաններում պայքար սկսեմ, պետք է հասնեմ արդարացի բացահայտմանը: Այլ խնդիր է, թե տուժողի իրավահաջորդին որքանով է ձեռնտու իր աղջկա մահվան հանգամանքների բացահայտումը: Ես արդեն կասկածում եմ, որ նրանց դա ձեռք է տալիս, քանի որ եթե մի մարդու ցանկանում ես բացատրել, որ աղջկադ շուրթը վնասված էր ինչ-ինչ պատճառներով, նա չի հասկանում, որ դա պետք է բացահայտվի: Անգամ այն ցուցմունքներով, որոնք խոցելի են և այսօր չենք ընդունում և ստի վրա են կառուցվել, չեն բացահայտում`շրթունքների վնասվածքն ինչով է բացատրվում»:
Սեդա Սաֆարյանը հիշեց, որ դեպքից հետո ողջ Գեղարքունիքում շրջանառվում էր այն վարկածը, որ փորձագետը չի տվել սպանված անչափահաս աղջկա իրական վիճակի մասին տեղեկություն: Պաշտպանը հայտնեց, որ այդ ժամանակ խոսք էր գնում, որ այդ աղջկան Նիվա մեքենայով ինչ-որ տղաներ են տարել անհայտ ուղղությամբ. «Նախաքննական մարմինը կարողացավ այդ վարկածը շրջանցել, քանի որ նման վարկած առաջ քաշողին բնութագրեցին հոգեպես անառողջ: Սրա արդյունքում ունեցանք սխալ պատկեր: Սակայն նույն տղան մինչև վերջերս էլ պնդում էր իր խոսքերը: Քննության սխալ ընթացքին նպաստեցին տուժողը, նախաքննական մարմինը: Տուժողը մշտապես դատարան էր ներկայանում հարբած վիճակով, կոնֆլիկտներ էր ստեղծում»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը վստահ է, որ ի սկզբանե տուժողի իրավահաջորդները շահագրգռված չեն եղել սպանության արդարացի բացահայտմանը, ինչի մասին իրենք այն ժամանակ էլ բազմիցս հայտարարել են. «Նրանք շարունակում են ինձ խանգարել իմ գործունեությունը ծավալել և քիթը մտցնել իրենց չվերաբերող հարցերի մեջ: Այն ժամանակ էլ ցանկանում էին, որպեսզի մնա այն վարկածը, որը նախաքննական մարմինն էր առաջ քաշում: Իսկ թե ինչու, թող բացատրի ինքը»:
Եվ ինչուների պատասխանն իմանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց նաև սպանված անչափահասի հոր և իրավահաջորդ հանդիսացող Աղաբեկ Սարգսյանի հետ: Վերջինս հաստատեց, որ սպառնացել է Սեդա Սաֆարյանին և հավելեց, որ չի զղջում ու պահանջում է փաստաբանից հարգել իր վիշտը և վերքը չթարմացնել: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ թե´ այն ժամանակ, թե´ հիմա շահագրգռված է, որ դստեր սպանությունը բացահայտվի, սակայն եթե նոր հանգամանքներ ի հայտ չգան, ինքը կպահանջի, որ փաստաբանը պատիժ կրի, ապա վիրավորական բառեր հնչեցրեց նրա հասցեին, որոնք հարկ չենք համարում հրապարակել. «Ու ոչ մի բան էլ կասկածի տակ չի առնվել, այդ թվում` աղջկաս շուրթերի վնասվածքը: Դատաբժիշկն ասել է, որ երեխան ուղեղին է հարված ստացել: Հետո էլ տարել, փոսն են գցել: Ես զանգել եմ, նրան սպառնացել եմ, քանի որ նա ամեն ամիս իմ վերքի վրա նորից աղ է լցնում: Ամեն ամիս մի բան նրանից լսում են: Թո´ղ քրեական գործ հարուցեն էն մասով, որ էրեխուս մասին նման բաներ են գրում: Սեդա Սաֆարյանն էս գործը չի բացի, ընդհակառակը` «պռավալ» կտա: Ինչքան էլ նրան սպառնամ, տեղին է»:
Աղաբեկ Սարգսյանն ասաց, որ եթե քրեական գործ հարուցեն, ինքը նստացույց կանի նախագահական նստավայրի առջև և կհայտարարի, որ Սեդա Սաֆարյանը կաշառակերությամբ է զբաղվում. «Սեդա Սաֆարյանը դրանցից էնքան է կերել, որ էլ ասելու չի: Վիշտ տեսած մարդուն նման անհանգստություն է պատճառել, ու հիմա էլ իմ վրա գործ են հարուցում: Եթե պարզվի, որ էրեխուս բռնաբարել են, թող անողները պատասխան տան: Գործը երեք դատարան է անցել. ո՞վ է բոլոր դատավորներին կաշառել: Եվրադատարանը մեզ ինչ պետք է սովորեցնի, ասում է` տղամարդը պիտի տղամարդու հետ ամուսնանա, ես պատրաստ եմ, թո´ղ գործը բացեն: Արտաշիրիմումին էլ եմ պատրաստ: Եթե չբացահայտվի, Սեդա Սաֆարյանը պետք է կրկնակի նստի»,- եզրափակեց Ա. Սարգսյանը:
Տաթև Հարությունյան