«Ի՞նչ արտառոց բան կա, որ բոլորը խառնվել են իրար… ». Ա. Աշոտյանի երգի շուրջ կրքերը թեժ են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կանանց մեկամսյակի ավարտին` ապրիլի 7-ին, անակնկալ է մատուցելու` ներկայացնելով իր հեղինակած «Ինձ խոստացիր» երգը, որը պետք է կատարի երգիչ, երգահան Հայկոն: Այն բանից հետո, ինչ համացանցում տարածվեց  հոլովակը, որտեղ երեւում էր, թե ինչպես են Արմեն Աշոտյանը եւ Հայկոն ստուդիայում ձայնագրում նախարարի հեղինակած երգը, սոցցանցերի օգտատերերը սկսեցին տարբեր մեկնաբանություններով հանդես գալ. «Հայկո´, երգում ես, որովհետեւ Աշոտյանն է գրել երգը, թե՞ ստեղծագործությունն, իրոք, լավն է», «Աշոտյանն ավելի լավ է` երգ գրելու փոխարեն իր գործով զբաղվի…», «Ինձ խոստացիր արևածագ, ինձ խոստացիր գարնան վտակ, որ չմնամ ես միայնակ (C) Արմեն Աշոտյան: Թույն է (C) Հայկո: Հ.Գ. Ես հուսով եմ, որ սա ապրիլմեկյան կատակ է»,-գրել էին օգտատերերը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչ Արթուր Իսպիրյանը նշեց, որ ինքը ծանոթ է Աշոտյանի երգահան տեսակին, նախկինում նրա հեղինակած էլի մեկ երգ է լսել եւ հավանել. «Ոչ մի տարօրինակ բան չկա, որ նախարարը երգ է գրում.  լավ է անում, թող գրի: Ես միայն ուրախ եմ, այդտեղ ի՞նչ արտառոց բան կա, որ բոլորը խառնվել են իրար… Որքան շատ երգ գրեն, այնքան` լավ: Ինձ համար հաճելի է լսել, որ նախարարը համագործակցում է երգչի հետ»,-ասաց նա:

Անդրադառնալով օգտատերերի այն քնարկումներին, թե երգի բառերը պրիմիտիվ են` նա նկատեց. «Գիտե՞ք` հաճախ օտարալեզու երգեր ենք լսում, հիանում ենք` առանց դրանց բառերը հասկանալու, իսկ երբ հասկանանք, կտեսնենք, թե դրանք որքան պրիմիտիվ են եւ ծիծաղելի… »:

Գրող, հրապարակախոս, շուրջ 200 երգերի խոսքերի հեղինակ Լեւոն Բլբուլյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ ինքը դեռ ծանոթ չէ երգին, սակայն երգի տեքստի քննադատված հատվածը իրեն վատը չթվաց. «Երգը պետք է ամբողջության մեջ դիտարկել, որպեսզի պատկերացնել, թե ինչպես են խոսքերը մերվում երաժշտության հետ: Մեզ մոտ ընդունված է, որ երգը դեռ չթողարկված` պխտորեն հեղինակին ու ունկնդրին»:

Անդրադառնալով քննադատների այն պնդմանը, թե Աշոտյանը պրոֆեսիանալ չէ, որ երգ գրի, Լ. Բլբուլյանը պատասխանեց. «Ալեքսեյ Հեքիմյանն էլ պրոֆեսիոնալ չէր, գեներալ էր, բայց հրաշալի երգեր է գրել: Կարծում եմ` տվյալ դեպքում քաղաքականությունն է դեր խաղում, որ Աշոտյանի երգն այդպես քննադատվում է, եթե նա ուրիշ մասնագիտության տեր մեկը լիներ, ստեղծագործությունն այդպիսի հետաքրքություն չէր առաջացնի»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս