Քուվեյթի “Մարինա” հյուրանոցի “Սալվա Սաբահ” սրահում սեպտեմբերի 19-ին տեղի է ուենցել Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած պետական ընդունելությունը` նվիրված ՀՀ Անկախության 21-ամյա տարեդարձը:
Ինչպես armlur .am-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրավիրվածների թվում էին Քուվեյթի արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների, տեղական լրատվամիջոցների և հեռուստաընկերությունների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ, կառավարող Ալ-Սաբահ ընտանիքի անդամներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ և մտավորականներ: Ընդունելության գլխավոր հյուրն էր Քուվեյթի Պետության առևտրի և արդյունաբերության նախարար, բնակարանաշինության հարցերի պետնախարար Անես Խալեդ Ալ-Սալեհը:
Ընդունելությունը նշանավորվել է նաև Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահի և Ալ-Ահմադի նահանգի նահանգապետ Դր. Իբրահիմ Ալ-Դուայիջի, ինչպես նաև Քուվեյթի Պետության Էմիրի հարազատ քույր, “Օրինակելի մայր” հիմնադրամի նախագահ շեյխա Ֆարիհա Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահի մասնակցությամբ:
Ներկաներին ուղղված իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը խոսել է Հայաստան – Քուվեյթ երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումների մասին, անդրադարձել Քուվեյթի Պետության հետ տարբեր ոլորտներում ակնկալվող ծրագրերին և փոխգործակցության խորացման հեռանկարներին, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու բարձր գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Պետական ընդունելությունն ամբողջացել է ժամանակակից հայ արվեստի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսով և Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրմամբ: