Դասական երգիչ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ավարտել է Էջմիածնի երաժշտական դպրոցը, ապա Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը: Առաջին մեծ ձեռքբերումը երկու ամիս առաջ էր, երբ Բաթումում տեղի ունեցած ֆոլկ մրցույթում Գրան պրի ստացավ:
Շուրջ 50 երկրների ներկայացուցիչներից հենց մեր հայրենակիցն է արժանացել ամենաբարձր մրցանակին, սակայն, ինչպես սպասելի էր, Հայաստանում այս փաստն արժանի արձագանք չգտավ: Շատ չանցած՝ երգչի առաջին հաղթանակին հաջորդեց երկրորդը. օգոստոսի վերջին Բուլղարիայում տեղի ունեցած համաշխարհային “World Folk 2012” առաջնությունում 100 մասնակիցների մեջ Կարենը դարձյալ անգերազանցելի էր ու ճանաչվեց ֆոլկի երգարվեստի գլխավոր մրցանակակիր (մրցույթում նրան նվագակցել է դաշնակահարուհի Աննա Խաչատուրյանը): “Ժողովուրդ”-ի հետ զրույցում երգիչը խոստովանեց. “Երբ այլ երկրներում հանդես եմ գալիս, միտումնավոր Հայաստանի մասին երգեր եմ երգում՝ “Մասիս”, “Երեւան”, “Հայաստանե”:
Այս պահին Կարենը Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում փորձնակ է. “Պետք է վաղուց մեներգիչ լինեի, սակայն դեռեւս, ինչպես իրենք են ասում, տեղ չլինելու պատճառով չեն ընդունում: Երգում եմ նաեւ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի օպերետում”:
-Ունե՞ք մշտական աշխատանք որեւէ ակումբում, ռեստորանում…
-Ո՛չ, նման վայրերում չեմ երգում ու չեմ էլ ուզում երգել: Դա իմ սկզբունքներին ու արվեստին դեմ է: Ինձ համար աշխարհում դասական արվեստից առավել ոչինչ չկա: Բայց որպես հայ՝ երբեք չեմ անտեսել մեր կոմպոզիտորներին ու սիրով կատարել եմ նրանց ստեղծագործությունները:
-Չե՞ք փորձել այլ ոճերում հանդես գալ եւ արագ ու հեշտ մեծ եկամուտների տեր դառնալ, ինչպես շատերն են անում:
-Երեւի թե հեշտությամբ ուրիշ բան կանեմ (ժպտում է-Ե. Ռ.): Ես Ձեզ ասեմ՝ Հայաստանում չեմ մասնակցում ոչ մի մրցույթի: Պարզապես չեմ ուզում փնովել, գնահատական էլ չեմ տա, բայց եւ լավ չէի զգա, եթե ինձանից վատին մրցանակ տային: Դրսում ավելի օբյեկտիվ են դատում, դրա համար էլ առանց վարանելու մասնակցեցի միջազգային երկու մրցույթի ու, ինչպես տեսնում եք, վերադարձա հաղթանակով:
-Իսկ դրսում մնալու, աշխատելու առաջարկներ եղե՞լ են:
-Մնալ աշխատելու առաջարկներ չունեցա, բայց Սերբիայից համերգ տալու հրավեր ստացա, ցավոք, հովանավոր չգտա, չգնացի:
-Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ առանց “մեջքի” ու հովանավորի բարդ է առաջ գնալ:
-Եթե ուզենամ՝ կլինի, բայց չեմ ուզում, որ հետո որեւէ մեկն ասի` մեզանով դարձավ: Դա ինձ բոլորովին պետք չէ: Ավելի լավ է՝ ինձ համար ուշ բացվեն դռները, դժվարություններ հաղթահարեմ, քան մեկը տարիներ հետո ասի` ես նրան դարձրեցի երգիչ: Թող մեծամիտ չհնչի, բայց ես գիտեմ իմ արժեքը: Ինքնագովեստ չէ, ասածիս ապացույցը տարբեր երկրների մրցատյանների գնահատականներն են:
-Հայաստանի մրցատյաններն ի՞նչ են ասում:
-Չեմ էլ ուզում, որ ինչ-որ բան ասեն:
-Բայց կա՞ մի մարդ, ում կարծիքը Ձեզ համար հետաքրքիր է:
-Այո՛, աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանն է, որն ինձ դեռ շատ վաղուց է ասել, որ իմ ձայնով ու երաժշտական տվյալներով դժվար թե շատ խնդիրներ ունենամ:
-Ստացվում է՝ խնդիրներ չունեք, բայց եւ մեծ համբավ էլ չունեք:
-Ճիշտ է, դեռեւս չունեմ, բայց բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ:
-Ի՞նչ է հարկավոր այսօրվա երիտասարդ դասական երգչին, ինչի՞ կարիք ունեք Դուք:
-Ես ունեմ միայն գումարի պակաս, ուրիշ ոչ մի բանի կարիք չունեմ, փառք Աստծո, մնացած ամեն ինչ ունեմ:
–Շատ գումար ունենայիք, ի՞նչ կանեիք:
-Կշրջագայեի այլ երկրներում, կցուցադրեի արվեստս, բայց նորից կվերադառնայի:
–Մտածո՞ւմ եք հայրենիքից հեռանալու մասին:
-Չէ՛, ի՞նչ եք ասում, ուր էլ գնամ՝ կարճ ժամանակով: Գերմանիայից էլ ունեմ հրավեր, բայց երեւի տարուց ավելի սիրտս չդիմանա: Հայաստանն ինձ համար ապրելու ամենալավ երկիրն է:
-Ի՞նչ առումով. եթե դռներ չեն բացվում, տաղանդը չի գնահատվում, այդ դեպքում ի՞նչն է լավը:
-Մարդկանց վերաբերմունքը, ջերմությունը, հենց մարդիկ: Լավատեսությունս թույլ չի տալիս հուսահատվել, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլորն էլ ըստ արժանվույն կգնահատվեն:
-Անձնականի մասին ի՞նչ կասեք:
-Ամուսնացած չեմ, բայց արդեն մտածում եմ դրա մասին: Էնպես էլ չէ, որ իդեալներ կամ հատուկ պահանջներ ունեմ, կարեւորը՝ հայեցի լինի ու ինձ հասկանա:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ