ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն շուրջ երկու շաբաթ է, ինչ իսլամական աշխարհը փոթորկված է: Պատճառը ԱՄՆ-ում  նկարահանված  «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որի ամբողջական տարբերակը մինչ օրս չի ցուցադրվել: Ինչպես հայտնի է,  համացանցում է հայտնվել այդ սկանդալային ֆիլմի ընդամենը 15 րոպեանոց  մի հատված, որից հետո աշխարհի տարբեր երկրներում մուսուլմանները հարձակվեցին ԱՄՆ դեսպանատների վրա,  իսկ Լիբիայում  անգամ սպանեցին ԱՄՆ դեսպանին:  Այն, որ մուսուլմանները ծայրահեղ նրբազգաց են իրենց հավատքին եւ մարգարեին վերաբերող ցանկացած, անգամ ամենաչնչին քննադատության հարցում, նորություն չէ: Այդ նրբազգացությունն ամենեւին էլ ոչ նուրբ ձեւերով դրսեւորվել է դեռեւս դարեր առաջ` այլադավանների դեմ մուսուլմանների սանձազերծած, ըստ էության, պերմանենտ արյունալի պատերազմների ընթացքում:  Եվ միանգամայն թյուր են այն պատկերացումները, թե 21-րդ դարում այդ հարցում շատ բան է փոխվել: Գուցե փոխվել է իսլամական աշխարհի հզորությունն ու կարողությունը, սակայն  գաղափարներն ու մոտեցումները` ոչ:  Որ դա այդպես չէ, քաղաքակիրթ աշխարհը տեսավ 2005թ-ին, երբ  դանիացի ծաղրանկարիչ Կուրտ Վեստերգարդի հրապարակած Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները  համաիսլամական  բողոքի  հզոր ալիք բարձրացրեցին, որի թիրախը, սակայն, առավելապես Եվրոպան էր: Դեռեւս այն ժամանակ կարծիքներ հնչեցին, թե այդ ամենի հետեւում կանգնած  է ԱՄՆ-ը, որը, մուսուլմանների նվիրական զգացմունքների հետ խաղալով, փորձում է ապակայունացնել իրավիճակն իսլամական աշխարհում: Հավանաբար այն ժամանակ Եվրոպան իրեն զգում էր բարձր պարսպի հետեւում  գտնվող անառիկ բերդում, որին ոչինչ չի սպառնում: Արդյոք այսօր այն նույնքան ապահով է իրեն զգում` դժվար է ասել` հաշվի առնելով եվրոպական երկրներում օրեցօր փոխվող ժողովրդագրական պատկերն ու «արաբական գարնան» արդյունքում  իսլամիստական ուժերի իշխանության գալը: Տեսակետ կա, որ  կրոնական թեմատիկայով այդօրինակ սադրանքները ծրագրվում են արեւմտյան երկրների հատուկ ծառայությունների կողմից` մանիպուլյատիվ նպատակներով օգտագործելու համար: Եվ որ «Մուսուլմանների անմեղությունը»   ԱՄՆ հատուկ ծառայությունների  կողմից իրականացված հենց այդպիսի պրոյեկտ է: Այդպես է դա, թե ոչ` դժվար է ասել: Չի բացառվում, որ Բեն Լադենի ոչնչացումից հետո սա պետք էր հակաամերիկանիզմի  բորբոքման համար` այդտեղից բխող  ԱՄՆ-ի համար ցանկալի բոլոր հետեւանքներով:  Նույնքան աբսուրդ  թվացող մեկ այլ տարբերակով էլ` այդ ֆիլմը ԱՄՆ թշնամիների, մասնավորապես Ռուսաստանի եւ Չինաստանի ձեռքի գործն  է: Ի վերջո, չի բացառվում նաեւ երրորդ` թերեւս առավել հավանական տարբերակը, ըստ որի՝ այդ ֆիլմը ստեղծվել է միանգամայն «ինքնաբուխ»` պարզապես սկանդալայնության հաշվին լավ կոմերցիոն եկամուտ ստանալու ակնկալիքով: Թե այս տարբերակներից որն է իրական, թերեւս  հնարավոր կլինի կռահել` կախված այն բանից՝ արդյոք ԱՄՆ-ը կցուցադրի ֆիլմն ամբողջությամբ` ելնելով խոսքի ազատության իր արժեքային համակարգից, թե ի վերջո տեղի կտա իսլամական աշխարհի ճնշումներին:




Լրահոս