ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ԲՀԿ ստվերային բանակցություններ են ընթանում, որոնք երեւացող գործընթաց չեն դառնա: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այդ երկու ուժերի համագործակցության մասին որեւէ բան չի ցանկանում խոսել՝ այն համարելով անէական:
«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Արամ Կարապետյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանն իր հայտնի հարցազրույցում կիսվել է այն տեղեկությամբ, որը կա իշխանության ներսում՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն «իրար հետ են». «Իմ տպավորությամբ՝ կարելի էր ավելի լուրջ, քաղաքականացված մարդ գտնել, որ դա ասեր: Եթե նկատեցիք, ավելի շատ անդրադարձան հարցազրույցի ոչ թե այդ հարցին, այլ շնիկների ու մնացածի, սա էլ է մակարդակի խնդիր, դա չարվեց, որովհետեւ լուրջ քաղաքականացված մարդ չէր ասողը»:
Ինչպես գրեթե բոլոր ասուլիսների ժամանակ, երեկ եւս հնչեց ամենաքննարկված հարցը՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ հակասություն կա: Այս առնչությամբ Կարապետյանն ասաց. «Ինչքան գիտեմ, վերջերս դրսի հայ էլիտայի հետ մի խոսակցության ընթացքում Քոչարյանն ասել է՝ Սարգսյանն ինձ մոտ վարչապետ աշխատել է, հակառակը չի լինի: Ռ. Քոչարյանի դեպքում խոսակցությունը 2 խնդրի շուրջ է` իր օրոք ավելի լավ են ապրել, եւ երկրորդ՝ ինքը Պուտինի ընկերն է»: Իսկ հնարավո՞ր է, որ Քոչարյանը որոշի առաջադրել իր թեկնածությունը ՀՀ նախագահի պաշտոնում: Կարապետյանն այս հեռանկարը հավանական համարեց միայն մեկ դեպքում, եթե դրսից դրա պահանջը լինի, ինչը, սակայն, այսօր չկա: «Փոփոխությունները, որոնք նախատեսում են դրսում, պետք է կապված լինեն այն մարդկանց հետ, որոնք կարող են այդ փոփոխությունները ռեալ իրականացնել: Ամեն անգամ մեզ հրամցնում են դեպի հետ ճանապարհը` այն, ինչ ունեցել ենք, ավելի լավն է, քան այսօրվանը… այդպես հետ վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդպես փորձում է վերադառնալ Քոչարյանը, վաղը չէ մյուս օրը, եթե օրենքների փոփոխություն չլինի, այդպես կցանկանա վերադառնալ Սարգսյանը»,-բացատրեց Կարապետյանը:
Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Ս. Սարգսյան-Ռ. Քոչարյան հնարավոր համագործակցության մասին մեկ այլ ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ չցանկացավ խոսել, քանի որ դա անեծքի տարածքից է: «Քսան տարվա մեջ ամենից անբարո գործը, որ տեղի ունեցավ, ռուս Նիկոլայ թագավորի սրբացումն էր եկեղեցու կողմից: Սա այն թագավորն է, որի հրամանով գնդակահարվեց խաղաղ ժողովուրդը միայն նրա համար, որ սրբապատկերներով գնացել էր նրա մոտ՝ փոփոխություններ կատարելու խնդրով… Ինչ այս մարդու հետ կատարվեց, անեծքի տարածք է, ես հրաժարվում եմ խոսել անեծքի տարածքից»,-մեկնաբանեց նա:  
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների մերձեցմանը, ապա դա Մանուչարյանին այնքան էլ չի հետաքրքրում. «ՀՀԿ-ԲՀԿ կմիավորվե~ն, չե~ն միավորվի, ի՞նչ տարբերություն, եթե ոչ մի բան դրանից չի փոփոխվելու: Եթե ՄԿԿ-ն լինի ԲՀԿ-ի տեղը, միեւնույն է: Հերի՛ք է սուտ խոսեք: Եթե փողի իշխանությունը մնաց, եթե Աստված փողն է, այս երկիրը վերանալու է: Դա մեզ սպանելու է»:
Բանախոսի տպավորությամբ՝ ՀՀ հասարակական, քաղաքական եւ պետական ամենաարդյունավետ համակարգը եղել է 1988-90թթ., որը կրկնելու համար անհրաժեշտ է ընդամենը 24 ժամ. «Սա այն շրջանն էր, երբ ԽՍՀՄ-ն անկում էր ապրում, կաշառակերությունը, մյուս բացասական երեւույթները հսկայական էին, եւ հանկարծ մեկ-երկու օրվա ընթաքցում ամբողջ համակարգը փոխվեց: Այդպես էր, քանի որ ժողովուրդն էր ամեն ինչ վերցրել իր ձեռքը»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս