«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Արցախի քաղաքացի Բելլա Լալայանը պատմեց, որ իրենք արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության անհամարժեք սակագների դեմ: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք Facebook-ում հանդես են եկել նախաձեռնությամբ, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ կանխել «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի սակագների աճը: «Անտանելի է «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կապը, ու դրա հետ մեկտեղ` ահավոր թանկ սակագներ են: Տարիներ առաջ մի խումբ երիտասարդներ այդ խնդրի հետ կապված բողոքի ակցիա էին կազմակերպել: Մենք չէինք կարողանում հանդիպել Ռալֆ Յիրիկյանի հետ, ոչ մի հարցադրում չէինք կարող անել: Բայց մոտավորապես երկու տարի առաջ բողոքի ակցիայի արդյունքում եղավ այն, որ վարչապետը պահանջեց դադարեցնել ակցիան, բայց միայն այն պայմանով, որ Ռալֆը կգա, ու մենք մեր խնդիրները կներկայացնենք: Ինքը եկավ, խնդիրները ներկայացրինք, որոշակի փոփոխություններ եղան: Նշեմ, որ ակցիայի կազմակերպիչները հիմնականում բողոքում էին ինտերնետի որակից, հիմա դրա որակը քիչ թե շատ լավացել է, բայց պայմանագրում կան այնպիսի կետեր, որոնք ընդհանրապես չեն կատարում, օրինակ՝ սակագնի թանկության հետ կապված»,-նշեց Բելլա Լալայանը:
ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ