Ներքաղաքական խնդիրների մասին բարձրաձայնելու համար ապրիլի 24-ը տեղին չէ. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բարձր գնահատեց Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանությունը քրեականացնոց բանաձևի ընդունումը: Այս մասին նա նշեց ՀՀԿ ԳՄ նիստից հետո` լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովին և դրան` ՀՀ-ի մասնակցությանն ու ստորագրվելիք փաստաթղթին, նա նշեց, թե դեռեւս կա ժամանակ, և իրենք առաջիկայում կհայտարարեն այդ մասին, բայց այժմ կարծում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով ներկա կլինի այդ գագաթնաժողովին:

Հերմինե Նաղդալյանը ապրիլի 24-ից հանրահավաքներ սկսելու «Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնությունը տեղին չի համարում: Նա  ընդգծեց, որ ներքաղաքական խնդիրների մասին բարձրաձայնելու համար տեղին չէ և ճիշտ չէ ընտրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը:

«Ներքաղաքական հարցեր քննարկելու համար տարին ունի 365 օր և կարելի է ցանկացած այլ օր ընտրել: Ես ինքս կցանկանայի մեր ընդդիմադիր գործընկերներին դիմել, որ այդ օրը չարժե ներքաղաքական թեմաներին նվիրել, քանի որ այդ օրը մենք այլ անելիք ունենք: Մենք այդ օրը ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ է Երևանի քաղաքապետարանը արտոնել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքները, Նաղդալյանն ընդգծեց, որ դա օրենքով սահմանված գործընթաց է: Դիտարկմանը, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում խոչընդոտել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, այլ ապրիլի 24-ի երեկոյան սկսելու են մոբիլիզացնել ժողովրդին, Նաղդալյանը պատասխանեց. «Մեր երկիրը ժողովրդավարական երկիր է, և խաղաղ ցույցերի անցկացումը օրենքով սահմանված է: Մեր ասելիքն այն է, որ այդ օրը չարժե նման գործողությունների գնալ: Տարվա յուրաքանչյուր այլ օր նրանք կարող են իրականացնել իրենց ծրագրերը, քանի որ ազատ երկրի ազատ քաղաքացիներ են»:

 




Լրահոս