ՏԻԿՈՆ, ԴԵՐՈՆ, ՍԱՄՈՆ՝ ՉՀԱՇՎԱԾ ՍԵՐԺԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարություններից տպավորությունը մեկն էր. սա հերթական շոու ներկայացումն է, ընդ որում բավական անշնորհք, վատ բեմադրված: Ավելին, որքան մոտենան նախագահական ընտրությունները, նման փորձերն այնքան հաճախ կկրկնվեն:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, խոսելով կոռուպցիոն երեւույթների՝ «պետական բյուջեի հաշվին իրականացվող ատկատների մասին», սուր քննադատության ենթարկեց կառավարության անդամներին: «Այս առումով ես կառավարության աշխատանքը, Տիգրա՛ն, շատ բացասական եմ գնահատում, շատ բացասական: Մենք չորս տարի է՝ քեզ հետ խոսում ենք էս թեմայով, չորս տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են: Հետո գնալու են մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում, գնալու են մարդկանց հետեւից, ովքեր իրենց քեռու տղային են բերում, տենդերում հաղթեցնում՝ կրկնակի բարձր գներով: Տարօրինակ է, մենք տենդերով ապրանք են ձեռք բերում, որ շուկայում ավելի էժան է: Մեկը դրա համար պիտի պատասխան տա՞, թե՞ չէ»,-ասել էր նա՝ խոսելով նաեւ այլ ոլորտներում առկա նման երեւույթների մասին: Ընդ որում ե՛ւ վարչապետին, ե՛ւ նախարարներին դիտողություն անելիս նա դիմում էր անուններով, իսկ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի դեպքում նրան անվանում էր կրճատ՝ Դերո: «Փնթի վերաբերմունք ա, փնթի,-շարունակել էր դժգոհել նա՝ ուժային կառույցներին հրահանգելով զբաղվել այդ չարաշահումներով,-գլխից պիտի բռնենք մեծերին»:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն իր ելույթում անձամբ խոստովանել է իշխանության հասցեին ընդդիմության հնչեցրած բոլոր մեղադրանքները. կոռուպցիոն երեւույթները, որոնց մասին շաբաթ օրը դժգոհում էր Սարգսյանը, ընդդիմությունը մատնացույց է արել տարիներ շարունակ: Առնվազն պետք է միամիտ լինել՝ հավատալու համար Ս. Սարգսյանի անկեղծությանը: Առավել եւս, երբ Ս. Սարգսյանը խոստովանել է, որ Տիգրան Սարգսյանից այս 4 տարիների ընթացքում դժգոհ է ոչ միայն ժողովուրդը, այլեւ՝ անձամբ ինքը: Դեռ ավելին, այս ողջ ընթացքում ինքն այդ մասին պարբերաբար զգուշացրել է վարչապետին: Բայց արի ու տես, որ վարչապետը պարզապես «թքած է ունեցել» այդ զգուշացումների վրա՝ որեւէ ուշադրություն չդարձնելով Ս. Սարգսյանի խոսքերին: Իհարկե, այդպես էլ անհասկանալի մնաց, թե «շատ բացասական» գնահատականին արժանացած կառավարությունում ինչու մինչեւ հիմա որեւէ փոփոխություն չի եղել, ինչու Ս. Սարգսյանը, չնայած այդ ամենին, ԱԺ ընտրություններից հետո կրկին նրան նշանակեց վարչապետ:
Սա, իհարկե, խոսում է իշխանությունների բացառիկ ցինիզմի մասին. քաջատեղյակ լինելով իրավիճակին՝ Ս. Սարգսյանը միայն նախագահական ընտրությունների նախաշեմին է բարձրաձայնում է այդ ամենի մասին: Ու դա ոչ թե այն պատճառով, որ ինքը որոշել է մեկընդմիշտ վերջ տալ կոռուպցիային, այլ ընտրություններից առաջ «փնթի» վարչապետին, կառավարությանը հրապարակային դատափետելուց հետո պաշտոնանկ անելով՝ հույս ունի շահել հասարակության համակրանքը:
Տ. Սարգսյանին զոհաբերելով՝ Ս. Սարգսյանը հույս ունի նաեւ լուծել մեկ այլ կարեւոր խնդիր. ԲՀԿ-ն, որը հրաժարվեց մաս կազմել իշխող կոալիցիային, ռեժիմի համար այսօր դարձել է գլխացավանք: Ու հիմա պաշտոնանկ անելով վարչապետին՝ Ս. Սարգսյանը հույս ունի սիրաշահել ԲՀԿ-ին ու նրան վերադարձնել իշխանական կոալիցիա՝ այդպես նաեւ վերջինիցս կորզելով ընտրություններում իրեն սատարելու խոստում: Մանավանդ որ նախորդ շաբաթ ԲՀԿ-ն պարզապես խոսքեր չէր խնայել Տ. Սարգսյանի հասցեին՝ սպառնալով իրեն «խելոք չպահելու դեպքում» հրապարակել նրա գործունեության ողջ մութ կողմերը, այդ թվում՝ թե ինչպես միայն վարչապետի բարեկամներն են շահում բոլոր կարեւորագույն շինարարական մրցույթները (պատահական չէ, որ Ս. Սարգսյանը եւս թափանցիկ ակնարկներ արեց այդ ուղղությամբ): Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ իշխանական վերնախավում նման սցենար է քննարկվում: Ու հիմա, փաստորեն, Ս. Սարգսյանը որոշել է նախաձեռնել «շատ բացասական» գնահատականի արժանացած կառավարության պաշտոնանկության գործընթացը:
Եւս մեկ ուշագրավ խոստովանություն. «Խաչիկյանի պատմությունը… տասն անգամ էն ժամանակ էլ ասում էինք՝ թոշակները կարգավորե՛ք, նպաստները կարգավորե՛ք: Բոլորն ասում էին՝ կարգին ա, էստեղ բան չկա: Վերջը պարզվեց, որ տարեկան 11-12 միլիարդ  էնտեղից միայն տնտեսում կարանք անենք»,-ասել էր նա: Փաստորեն, Ս. Սարգսյանին այսօր խաբում են բոլորը՝ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում: Խաբում են ամեն քայլափոխի. 2009-2010թթ. Թուրքիան նրան խաբեց, երբ համաձայնեց առանց նախապայմանների գնալ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, բայց արձանագրությունների ստորագրումից հետո դրեց իր նախապայմանները: Ոչ վաղ անցյալում էլ Ս. Սարգսյանին խաբեցին՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատմության հետ կապված: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու համար ավելի վիրավորական բան, թերեւս, դժվար է պատկերացնել: Եթե, իհարկե, այդքանը գիտակցում են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս