«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու նաեւ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են. գործող գյուղապետ ՀՀԿ-ական Տարոն Քոչարյանը եւ անկուսակցական Միհրդատ Պողոսյանը: Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետն ամեն քայլի դիմում է կրկին ընտրվելու համար: Քոչարյանը կարճաղբյուրցիների մոտ հայտարարում է, թե ինքը ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի «մարդն» է ու ոչ մի պրոբլեմ չունի, իսկ եթե ինքը չընտրվի, կարճաղբյուրցիների ««Փարոս»-ն ու նպաստը կկտրի»: Քոչարյանի նման ինքնավստահ պահվածքը պայմանավորված է նաեւ նրանով, որ եղբայրը Գեղարքունիքի մարզային ոստիկանության պետի տեղակալն է՝ Արայիկ Քոչարյանը: Բացի այդ, մեր տեղեկություններով՝ Տարոն Քոչարյանը Կարճաղբյուրի բնակիչներին հայտարարել է, որ իր «կրիշը» Մարտունու ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Ինչո՞ւ եք նման վարք դրսեւորում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Քոչարյանը պատասխանեց. «4 հոգի են դժգոհել, անուն-ազգանուններով կարող եմ ասել՝ Ավետիք Ղազարյան, Մարատ Ոսկանյան, Աշոտ Գրիգորյան, Միհրդատ Պողոսյան: Եթե իրենցից բացի, որեւէ մեկից Կարճաղբյուրում կես բառ անգամ դժգոհություն լսեք, ուրեմն ես դրա համար պատասխանատու եմ: Դրանք էն մարդիկ են, որոնք թիմ են, կեղտոտ խաղեր են խաղում: Ես արդեն 6-րդ անգամ եմ թեկնածությունս դնում ու հաղթում: Իմ եղբայրը ստեղ ընդհանրապես կապ չունի, մեր գյուղում չի էլ լինում, դրանք բացարձակ հերյուրանքներ են»:
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ