ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ, ԳԱՆՁԱՊԵՏԻՆ՝ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Վանաձորի զորամասերից մեկի նախկին հրամանատար Խաչիկ Ավետիսյանի դատավարությունը: Ըստ գործով ձեռք բերված ապացույցների՝ նա 2008թ. օգոստոսի 7-ից մինչեւ 2010թ. մարտի 27-ը, լինելով Վանաձորի զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, կրելով զորամասի ֆինանսական կարգապահության պահպանման  համար պատասխանատվություն, պատշաճ կարգով չի ղեկավարել զորամասի ֆինանսական տնտեսությունը, չի տնօրինել զորամասի ֆինանսական միջոցները, որոնց հետեւանքով պետությանը նյութական մեծ վնաս է պատճառվել:
Ուշագրավ է, որ Խաչիկ Ավետիսյանին միայն այս տարի են ներգրավել որպես մեղադրյալ, իսկ նույն զորամասի նախկին գանձապետ, երկու երեխաների մայր Գայանե Փահլեւանյանին արդեն հասցրել են դատապարտել 5 տարվա ազատազրկման, դատավճիռն էլ մտել է օրինական ուժի մեջ: Գայանեին, ում երեխաներից մեկը քաղցկեղով հիվանդ է, մյուսը՝ ուսանողուհի, օրերս կալանավորել են, իսկ մինչ այդ նրան թողել էին ազատության մեջ՝ ըստ Գայանեի՝ տարբեր ձեւերով համոզելով, հորդորելով, որ նա պետությանը հասցրած մոտ 12 մլն դրամ վնասը վերականգնի: Ու չնայած Գայանեն լրատվամիջոցներով եւ դատարանում հայտարարել էր, որ ինչ արել է, հրամանատարների հետ է արել, այդուհանդերձ, իր մեղավորությունը զգալով, մոտ 5 մլն դրամի չափով պարտքեր անելով՝ վերականգնել էր հասցված վնասը, բայց, միեւնույն է, նրան արդեն ազատազրկել են:
Գայանեի հարազատները տեղեկացրին, որ նրան արդեն տարել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, իսկ երեխաները, փաստորեն, մնացել են առանց խնամքի: Նրանք ասում են՝ եթե կալանավորելու էին, թող շուտ կալանավորեին եւ ոչ թե թողնեին ազատության մեջ, այդքան պարտքերի տակ ընկներ, նոր ազատազրկեին: Տնակային պայմաններում ապրող նախկին գանձապետը, արդարություն չգտնելով նախաքննական մարմնում եւ դատարաններում, վերջին հույսով բողոք էր ուղարկել երկրի առաջին դեմքին՝ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին, գլխավոր զինդատախազին, արդարադատության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին ու խնդրել պաշտպանել իրեն անարդար պատժից, քանի որ մի շարք հանգամանքներ անտեսելով՝ նույնիսկ համաներմամբ չեն կրճատել այդ պատժաչափը, որ կարողանա երեխաներին խնամել: Նրան դատապարտել են պաշտոնական դիրքն օգտագործելով զորամասից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու համար, մինչդեռ ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր տվել:
Գայանեն մինչ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը մեզ տեղեկացրել էր, որ զորամասի հրամանատարների գործով քաղհայց ներկայացված չէ, մինչդեռ այդ ամբողջ գումարը պետք է գանձվեր բոլոր մեղավորներից՝ համապարտության կարգով: Այս բոլոր անարդարությունների եւ դրսեւորված խտրական վերաբերմունքի արդյունքում Գայանեն երկու անգամ նաեւ ինքնասպանության փորձ է արել, սակայն շրջակայքում գտնվող մարդիկ փրկել են նրան: Իսկ որպես ինքնասպանության «դրդող»՝ Գայանեն մատնացույց էր արել իր գործը քննած իրավապահներին եւ անարդար դատավճիռ կայացնողներին:
Առաջիկայում մենք կհետեւենք այս գործի հետ կապված զարգացումներին:




Լրահոս