ՁԱԽՈՂՎԱԾ «ՀԱՃՈՒՅՔԱՃԽՏԻԿԻ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատցի Սամվելին եւ Համեստին վերագրվող անհեթեթ հանցագործություններն «էքսպրոմտ ժանրից» են, որոնց նպատակն արագ արդյունքի հասնելն է՝ փող աշխատելը, իսկ կոնկրետ Սամվելի համար՝ նաեւ հաճույք ստանալը:
Ըստ քրեական գործի նյութերի՝ արդեն մեծ տղա, նախկինում դատված 49-ամյա Սամվելը մի օր որոշել է արագ փող աշխատել: Բայց մինչ այդ նա փող աշխատելու մի յուրօրինակ նախաբան է մտահղացել՝ նախ հաճույքաճխտիկով (ինչպես կասեին հայոց լեզվի մերօրյա կատակասեր մաքրամոլները) զբաղվել, հետո գործի անցնել: Սակայն այս դեպքում խոսքը փոխադարձ համաձայնությամբ սեքսի մասին չէ, այլ «բռնահաճույքաճխտիկի»: Ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ այս տարվա ապրիլի 24-ին, երբ մարդիկ գնում են Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, Սամվել Նիկոլյանն ինչ-որ առիթով այդ օրը խմում է եւ ալկոհոլի ազդեցության տակ, տրամադրությունը մինչեւ օրվա վերջ բարձր պահելու անսասան համառությամբ կեսգիշերին ներխուժում քաղաքացի Նանարի (տուժողի անունը փոխված է) տուն: Եւ անկոչ հյուրի համար ամենեւին էլ կարեւոր չէր՝ Նանարը իր այցից գոհ է, թե ոչ. կարեւորը Սամոն է ցանկացել գոհ լինել: Ասել է. «Նանա՛ր, հիմա ես քեզ… իմացար», ու թեկուզ Նանարը դիմադրել է ու «ո՜չ, ո՜չ…» բղավել, սակայն Սամոն բռունցքի հարվածների ներքո լռեցրել է նրան ու քարշ տալով ննջասենյակ՝ սկսել մերկացնել: Երբ Նանարին արդեն «հագուստազերծել» է եւ պատրաստվել «բռնահաճույքաճխտիկով» զբաղվել, հնչել է Նանարի տան շքամուտքի դռան զանգը: Ու մինչ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Սամվելը կկողմնորոշվեր՝ ինչ անել, Նանարը երջանկացած վեր է ցատկել անկողնուց, շորերը հագել ու ննջասենյակի պատուհանից փախել դուրս: Բռնաբարության փորձն այդպես էլ անհաջողությամբ է ավարտվել:
Հետո Նիկոլյանը երեւի մի թեթեւ սթափվել է ու հասկանալով, որ Նանարը շատ արագ իրեն ոստիկանների ձեռքն է հանձնելու, որոշել է իր արածի հանգամանքներն օգտագործելով՝ մի քիչ «փող աշխատել», հետո նոր «բերդ գնալ», որ «ծախսելու փող լինի». իր ծանոթուհու՝ նախկինում չդատված 44-ամյա Համեստի հետ պայմանավորվել են միասին տարբեր անձանցից դրամ շորթել: Բռնաբարության անհաջող փորձից երկու օր անց հանդիպել են արտաշատցի Արայիկին եւ ասել՝ հարյուր հազար դրամ տուր, թե չէ ի լուր ոստիկանների կհայտարարենք, թե արտաշատցի Նանարին ծեծել ու բռնաբարել ես: Եւ մինչ Արայիկը կմտածեր սպառնալիքի լրջության մասին եւ կգնահատեր հնարավոր հետեւանքները, հաջորդ օրը Սամոն ու Համեստն անհամեստորեն երկու այլ անձանց են «շանտաժի ենթարկել». արտաշատցի երկու Գեղամներին բռնել են Գեղամներից մեկի տանը ու երկուսից էլ 50-հազարական դրամ պահանջել, որ հանկարծ իրավապահներին չասեն, թե իբր նրանք ծեծել ու բռնաբարել են Նանարին:
Հակառակ սպասումներին՝ Սամոյի եւ Համեստի բիզնես նախաձեռնությունն այդպես էլ մնացել է անավարտ, իսկ քրեական հոդվածներ վաստակելու առումով` շատ տրամաբանական շարունակություն ունեցել. երկուսին էլ արագ հայտնաբերել են, բռնել: Սամվելին ուղեկցել են «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ Համեստին ստորագրությամբ բաց թողել, մինչեւ դատարանը դրամաշորթության մեղադրանքում նրան մեղավոր կամ անմեղ ճանաչելուց հետո որոշի նրա իրական կարգավիճակը: Սամվել Նիկոլյանին մեղադրանք է առաջադրված երկու հոդվածով` բռնաբարության փորձի եւ դրամաշորթության համար:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս