Ամիսներ շարունակ Լոռու մարզի գազալցակայաններում վարորդները 1 խորանարդ մետր գազը լիցքավորել են 200-220 դրամով, մինչդեռ հարևան մարզերում և Երևանում 1մ3 գազի սակագինը եղել է առավելագույնը 170 դրամ, իսկ Արմավիր քաղաքում, մեր գործընկերների փոխանցմամբ, 140 դրամ: Այն դեպքում, երբ «Գազպրոմը» գազալցակայաններին 1 խորանարդ մետրը վաճառում է 131 դրամով:
Միայն վերջին 2 օրերին Լոռու գազալցակայաններում գազի սակագինն իջեցվեց 180 դրամի, չնայած երեկվա դրությամբ գազսպառող վարորդներն այն լիցքավորում էին դարձյալ 200 դրամով: Մարզի գազալցակայաններում մեր շրջայցի ժամանակ որոշ լցակայաններ էլ իսկապես դեռ չէին հասցրել փոխել սակագինը, և այն շարունակում էր պահպանվել 200 դրամով: Թե ինչու ամիսներ շարունակ թանկ վաճառվելուց հետո կտրուկ իջեցվեց գազի գինը, հայտնի չէ նույնիսկ գազալցակայանների աշխատակիցներին: Նրանց խոսքով՝ իրենք գազը վաճառում են բացառապես իրենց ղեկավարների սահմանած գներով: Լոռեցի վարորդներն էլ, իմանալով, որ Լոռիում գազի սակագինն ամենաթանկն է, միևնույնն է, ստիպված լիցքավորել են վաճառքի գներով:
«Ում գնաս բողոքես, որին ասում ես, ասում ա՝ իմ սեփականությունն ա, ես ինչ գնով կուզեմ, կծախեմ: Գազի լցակայանները լրիվ էդ են, ինչ գին ուզում են, դնում են, գազին էլ որակ չկա, կեսից շատը օդ ա գալիս: Բայց էդ գազը ո՞ւմ հաշվին ա, ո՞վ ա իրանց տվել էդ գների տակ, որ դրել են 200, հլա 220 էլ հասավ: Ո՞ւմ բողոքես, էն որ ասում ա՝ չակուչն էլ ա իրանց մոտ, մեխն էլ ա իրանց մոտ, կուզեն՝ կծռեն, կուզեն՝ կմըխեն: Աբսուրդ բան ա՝ մի տեղ բողոքես, բողոքում ես, ասում ա՝ կամ կյաուզնիկ ես, կամ գործ տվող. հըմիկ բողոքողներն էդ են»,-ասում են հուսահատված վարորդները:
Իսկ գազի բիզնեսը Լոռիում ղեկավարում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբայրը՝ «Հայռուսգազարդի» Լոռու ԳԳՄ-ի տնօրեն Վարդան Բաղդասարյանը, «Սեզամ-գազ» ՍՊԸ տնօրեն Արմեն Մխոյանը (Սեզամի Արմեն), որի գազալցակայաններում, ըստ տեղեկությունների, բաժնետեր է նաև Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանը, Վանաձորի քաղաքապետի եղբոր որդին՝ Արման Դարբինյանը (Քաղցրիկ), Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը, որոնց գազալցակայաններում կատարվել են տեսանկարահանումները: Եվ այս անձինք գերշահույթներ ապահովելու նպատակով համատեղ որոշումների արդյունքում սահմանված սակագներով ղեկավարում են գազի բիզնեսը Լոռիում:
Ադրինե Թորոսյան