ԱՄՆ սենատորները կոչ են արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ երկկուսակցական հիմքով սենատորները կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, հաղորդում է Asbarez-ը:

Անցած շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին անհապաղ անհրաժեշտ է արժանի կերպով հիշել այդ հանցագործության զոհերին ու շեշտել ընդդեմ բոլոր՝ անցյալի, ներկայի ու ապագայի ցեղասպանությունների ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը:

«Մենք շնորհակալ ենք սենատորներ Մենենդեսին ու Գարդներին և բոլոր նրանց գործընկերներին, ովքեր միացել են նրանց՝ քաջալերելով նախագահ Օբամային բաց ու ազնվորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին այն ժամանակ, երբ հիշատակվում է մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»,- ասել է ԱՆԿԱ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը

Սենատի նամակում, որն ուղղվել է սենատոր Ռոբերտ Մենենդեսի ու Քորի Գարդների կողմից, ասվում է, որ «մինչ Միացյալ Նահանգների Կոնգրեսը Հայոց ցեղասպանության զոհերին աջակցելու երկար պատմություն ունի, նախագահի ադմինիստրացիան դեռևս հավուր պատշաճի չի ճանաչել ընդդեմ հայերի վայրագությունները որպես ցեղասպանություն»:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական շրջանակից Սպիտակ տուն ևս մեկ նամակ կուղարկեն Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս) և Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ, Նյու Ջերսի):




Լրահոս