Մեկ տարի առաջ ապրիլի 3-ին` Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց: Իսկ ապրիլի 13-ին նոր վարչապետ նշանակվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս մեկ տարվա ընթացքում, ի՞նչ փոխվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականով և Հովիկ Աբրահամյանի նշանակումով, Armlur.am-ը փորձեց պարզել` ներքաղաքական գործիչների կարծիքները լսելով:
Մեզ հետ զրույցում ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց` այն, որ նախկին վարչապետը «բավականին արդյունավետ կերպով կործանեց Հայաստանի տնտեսությունը, դրա մասին բազմիցս ասվել է»:
«Ինչ վերաբերվում է նոր վարչապետի աշխատանքի գնահատականին, մենք ասել ենք` երբևէ որևէ անձով կաշկանդված չենք եղել: Բնականաբար, խմբակցությունում մենք նախատեսում ենք մի շարք քաննարկումներ, այդ թվում կքննարկենք, թե այս ընթացքում ինչ դրական տեղաշարժեր են եղել կամ չեն եղել նոր Կառավարության գործունեության վերաբերյալ: Մեր գնահատականը, վստահ եղեք, մենք կհնչեցնենք»,- ասաց ԲՀԿ նախագահը:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանն էլ կարծում է, որ վարչապետը չէր հիմնական դեմքը, որով պայմանավորված կարող էր փոփոխություններ լինել: «Իմ կարծիքով, այսօր կառավարման հիմնական լծակները գտնվում են Սերժ Սարգսյանի ձեռքին և միայն նրա փոփոխությամբ է հնարավոր լուրջ փոփոխություններ: Քիչ թե շատ բոլոր կարևոր գործերը Սերժ Սարգսյանի հետ է պայմանավորվում»,- ասաց Դանիելյանը: Վերջինիս խոսքով` Հայաստանն այսօր կանգնած է լուրջ փոփոխությունների պահանջի առաջ:
«Այն կոռուպցիոն բուրգը, որը գործում է, դրա գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը»,- տեսակետ հայտնեց Ստեփան Դանիելյանը:
Իսկ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի խոսքով` Տիգրան Սարգսյանի հրաժարականով և Հովիկ Աբրահամյանի նշանակումով մի բան պարզ դարձավ, որ «ռեժիմից որևէ սպասելիք չկա»: «Այդ բոլոր փոխատեղումներից որևէ օգուտ լինել չի կարող: Այս ընթացքում պայթեց դեկորատիվ ընդդիմության փուչիկը և շատ ավելի հստակ դարձավ, որ համակարգի մեջ փոփոխություններ սպասելն այլևս անիմաստ է: Շատ ավելի մեծ ռեալ քայլերով գնում են դեպի գահավիժում` տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական»,- նշեց Գ. Չուգասզյանը:
Նա նշեց, որ կարող ենք արձանագրել շատ հստակ տնտեսական ճգնաժամ: «Երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, որի մասին չի խոսվում: Իսկ դե քաղաքական ճգնաժամը ակնհայտ է: Ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրացում ևս կարող ենք արձանագրել»,- եզրափակեց իր խոսքը «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ հրաժարվեց գնահատական տալ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը. «Թող իմ գնահատականներն իմ մեջ մնան»,- ասաց պատգամավորը: