ԱՂՈԹՔԸ ԳՈՒՄԱՐՈ՞Վ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սբխեչին (Սուրբ խաչ բառի համառոտ ձեւն է) հաջորդող երկուշաբթին ժողովուրդը նշում է որպես իր հին ու նոր ննջեցյալների հիշատակի օր: Այդ պատճառով Սուրբ խաչի տոնը նշելու հաջորդ օրը կոչվում է մեռելոց հիշատակի օր, եւ մարդիկ գնում են իրենց ննջեցյալների գերեզմանները, խնկարկում կամ քահանաների միջոցով օրհնել տալիս:
Տոնի նախապատմություը հետեւյալն է. երբ 614թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը, բացի թանկարժեք իրերը կողոպտելուց, իրենց հետ գերության են տանում նաեւ Քրիստոսի խաչափայտը եւ Զաքարիա պատրիարքին: Եւ 14 տարի անց` 628թ.-ին, Բյուզանդիայի Հերակլես կայսրը հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, պարտության մատնում նրանց եւ ազատագրում Սուրբ խաչը: Այն հետ է բերվում Կոստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո Հերակլես կայսրն անձամբ, իր ուսի վրա վերցրած, խաչը տանում է Երուսաղեմ եւ տեղադրում Գողգոթայի վրա: Այդ պատճառով էլ այս տոնը կոչվում է Խաչվերաց, այսինքն՝ Սուրբ խաչի վերադարձն ու բարձրացումն իր նախկին տեղը:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում եւ նկատեց մարդկանց, որոնք իրենց մահացած հարազատների ազգանունների ցուցակի հետ գումար էին տալիս եկեղեցուն՝ դրանք կարդալու համար: Զրուցեցինք եկեղեցու քահանաներից մեկի` տեր Դավիթ քահանա Սահակյանի հետ՝ պարզելու, թե ինչու են մարդիկ գումար տալիս, եւ այն ինչի է ծառայում:
«Այսօր (երեկ-Ս. Հ.)՝ հոգեհանգստի արարողության ժամանակ, մոտ 1400 ազգանուն ենք կարդացել: Եւ որեւէ բացթողում չենք արել: Տարվա մեջ ունենում ենք ննջեցյալների հոգու հանգստության համար նախատեսված հինգ հատուկ օրեր: Այն կոչվում է հոգու հանգստության աղոթք»,-ներկայացրեց մեր զրուցակիցը:
Նրա պատմելով՝ անցկացվում են նաեւ հոգեհանգստի անհատական արարողություններ, եւ տարբեր մարդիկ այդ հարցով դիմում են իրենց: «Դիմողների մեջ եղել են նաեւ պաշտոնյաներ»,-տեղեկացրեց հոգեւորականը` հավելելով, որ այդ ծառայության համար հաստատագրված գումար չկա: «Կա խաչհամբույրի հասկացություն: Լինում են նաեւ դեպքեր, երբ գումար չենք վերցնում: Աղոթքը գումարով չէ: Իսկ հավաքված գումարն էլ ծառայում է եկեղեցու բարեկեցության համար»,-վստահեցրեց տեր Դավիթ քահանան` չցանկանալով մանրամասնել հավաքված գումարի հետագա ճակատագիրը:
65-ամյա թոշակառու Ռիման չէր խնայել իր հավաքած գումարը` մահացած ամուսնու անունը հոգեհանգստի արարողությանը հնչեցնելու համար: Նրա խոսքով՝ ինքն էլ այդպես է իր պարտքը կատարում. «Ի՞նչ անեմ, բալե՛ս, ես էլ այսպես եմ հոգիս թեթեւացնում»:
Կան նաեւ մարդիկ, որոնք ցանկանում են իրենց մահացած հարազատների ազգանունները հնչեցնել պատարագի ժամանակ, սակայն գումար չունենալով՝ ստիպված հրաժարվում են այդ մտքից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս