ՆԿԱՐԻՉՆ ՈՒ ԱՌՆԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծայրահեղ ծանր պայմաններում ապրող նկարիչ, մանկավարժ 82-ամյա Հրաչյա Էլոյանն իր ամբողջ կյանքն ապրել է արվեստին ծառայելով, ազնիվ վաստակով: Սակայն այսօր նրանց ընտանիքը հայտնվել է մի վիճակում, երբ անգամ ամենազոր արվեստն է անուժ՝ օգնելու:
Էլոյանների ընտանիքին վտարում են «բնակարան» կոչված կիսաքանդ սենյակներից: «Ժողովուրդ»-ը եղավ նկարչի տանը, որտեղ նա ապրում է որդու,  հարսի եւ 4 տարեկան թոռնուհու հետ: Երեւանի 8-րդ գիշերօթիկ դպրոցի մասնաշենքերից մեկում գտնվող խղճուկ, խոնավ ու նեղլիկ բնակարանը զուրկ էր տարրական հիգիենիկ պայմաններից: Մեր զրույցի ընթացքում այնտեղ անսովոր աղմուկ էր, եւ այդ ամենը նկարիչը բացատրեց այն հանգամանքով, որ առնետներ են վազվզում, եւ խորհուրդ տվեց չվախենալ, քանի որ ինքը մեզ հետ է:
Մանկավարժի պարզաբանմամբ՝ իր 4 երեխաների մահվան պատճառը եղել են բնակարանի ոչ պատշաճ պայմանները: «Այս սարսափելի դժվարություններին չդիմացավ նաեւ կինս: Մնացել է մեկ տղաս, նա էլ է հիվանդ, առաջին խմբի հաշմանդամ է, իսկ աղջիկս երեւանյան հիվանդություն ունի»,-լացը զսպելով՝ պատմեց դժբախտ հայրը:
1980թ. Էլոյանը բնակարան ստանալու համար հերթագրվել է Արաբկիրի շրջժողկրթբաժնում: Սակայն երբ բնակարան ստանալու նրա հերթը հասել է, ինչ-որ պաշտոնյայի միջնորդությամբ, ճակատագրի չար կատակով այդ բնակարանը տվել են ոմն Ռ. Ղուլյանի, արդյունքում՝ Էլոյանների ընտանիքը հայտնվել է դրսում:
«Մինչեւ վերջերս պատկան մարմիններն իմ հղած դիմումին պատասխանել են, որ հերթս չի հասել, այն դեպքում, երբ արդեն քսան տարի է՝ իմ հասանելիք բնակարանը վայելում է ոմն նորեկ մեծահարուստ: Արաբկիրի թաղապետարանի մի հին աշխատող ասաց՝ Էլոյա՛ն, ո՞նց քո բնակարանը նվիրեցին նորեկ եւ մեծահարուստ կիրովաբադցուն՝ Ռ. Ղուլյանին: Վերջապես ինձ համար բացահայտվեց այդ աննախադեպ կեղծիքը, որն էլ կործանեց իմ ընտանիքը,-դժգոհեց Էլոյանն ու մանրամասնեց:-Ի՞նչ ասեմ, ո՞րն ասեմ, ո՞րը թողնեմ: 1990թ. ապրում եմ 8-րդ գիշերօթիկում, 2005-ից հաստատվեցի նկուղային հարկում: Գիշերօթիկի այս շենքը ձեռքից ձեռք անցավ, եւ արդեն երկրորդ տարին է՝ գիշերօթիկ դպրոցը տեղափոխվել է Քանաքեռ, եւ շենքը հիմա պատկանում է N 10 արհեստների ուսումնարանին: Ուսումնարանի տնօրեն Բարսեղյանը հանգիստ չի տալիս մեզ, ասում է՝ դո՛ւրս եկեք այստեղից: Օ՜ֆ, ի՞նչ ասեմ, ապրում եմ կալանավորի գաղութում»:
Նկարիչը բազում դռներ է թակել, դիմել տարբեր ատյանների պաշտոնյաների: «Վարչապետի դաբրոյով գնացել դիմել եմ սոցիալական հարցերի նախարարությանը, ինձ պատասխանում են, թե հերթդ կհասնի, նոր կստանաս: Ես այս տարիքիս այսքան տարիներ դիմում եմ, բայց ոչ ոք հաշվի չի առնում: Ի՞նչ անեմ, մի՞թե նման կերպ են վարվում մանկավարժի հետ»,-նշեց նա:
Վերջին տարիներին արվեստագետն այլեւս չի նկարում. պայմաններ չկան, ներկեր ու կտավ գնելու միջոցներ էլ չունի: Ընտանիքն ապրում է նրա ծերունական թոշակով ու երեխայի նպաստով: Բայց եթե նկարելու հնարավորություն ունենար, երեւի էլի լավատեսությամբ կնկարեր, այս անգամ, թերեւս, դառը ժպիտով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս