«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վազգեն Մարգարյանի կինը՝ Ոսկեհատ Պողոսյանը, նամակով դիմել է «Ժողովուրդ»-ի խմբագրությանը: Նա պատմում է «ամուսնու միամիտ քայլերի», դրանց հետեւանքով խարդախության մեջ մեղադրվելու եւ կալանավայրում հայտնվելու մասին, բողոքում դատավորի վճռի դեմ:
«Ամուսինս դեմ է դատավոր Եվա Դարբինյանի վճռին: Վերջինիս միշտ կարելի է հանդիպել գործով հայցվոր Վարդանուշ Թովմասյանի հետ թեւանցուկ: Սրանից պարզ է, չէ՞, թե ինչու ամբողջ մեղավորությունը բարդվեց ամուսնուս վրա… Ինչո՞ւ ոստիկանությունը բերման չի ենթարկում Ռուբիկ Մկրտչյանին, որն ամուսնուս խաբեությամբ ներգրավել էր կեղծ գործարքի մեջ: Ուզում եմ հասկանալ՝ ինչ խղճով է դատավորը դատապարտում անմեղ մարդու՝ իմանալով հանդերձ, որ իսկական մեղավորները ազատություն են վայելում»,-նշում է կալանավորի կինը:
Նա պատմում է, որ 2009թ. ոմն Ռուբիկ Մկրտչյան, որը կալանավորի հարեւան Գագիկ Խաչիկյանի ծանոթն էր, հանդիպելով ներկայում կալանավոր Վազգեն Մարգարյանին, առաջարկում է շահավետ աշխատանք ՌԴ-ում: Մարգարյանը, վստահելով Գագիկին, համաձայնում է: Այնուհետեւ Ռուբիկը հանդիպում է Վազգենին ու Գագիկին եւ ասում, որ ձեռնարկելիք գործի համար անհրաժեշտ է 15 հազ. դոլար, ու կարող են գրավի դիմաց վերցնել ծանոթից՝ Վարդանուշ Թովմասյանից: Երեք գործարարները որոշում են գրավ դնել Մարգարյանի բնակարանը, իսկ տոկոսադրույքները վճարել՝ բաժանելով երեքի միջեւ հավասարաչափ: Մի քանի օրից Շենգավիթի նոտարական գրասենյակում կնքում են գրավի եւ փոխառության պայմանագիր: Մկրտչյանը վճարում է երկու ամսվա տոկոսը, իսկ Թովմասյանն էլ պարտավորվում է երեկոյան տալ գրավի ամբողջ գումարը. նա Ռուբիկի միջոցով ուղարկում է 500 դոլար՝ խոստանալով երկու օրից տալ մնացածը: Այսպես Ռուբիկը ձգձգում է… Մի օր, երբ Վազգենի բնակարան է այցելում Վարդանուշը՝ պահանջելով իր տոկոսները, Վազգենը տեղեկանում է, որ վիճահարույց գումարը Վարդանուշը տվել է Ռուբիկին:
Վազգենն ու Գագիկը սկսում են փնտրել Ռուբիկին, որը գումարները վերցրել ու «թռել» էր երկրից: Նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Իսկ Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վարդանուշին ճանաչում է վաշխառու եւ որպես պատիժ նշանակում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով: Համաներումով վերջինս ազատվում է պատժից: Այնուհետեւ նա դատարանի վճիռը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
«1,7 տարի ամուսինս կալանավայրում է, եւ միայն մեկ անգամ են դատարանից ծանուցագիր ուղարկել: Երբ հետաքրքրվել եմ դատի եւ դատավարության ընթացքի մասին, ինձ պատասխանել են, թե իբր անորոշ ժամանակով հետաձգվել է: Սակայն օգոստոսի 15-ին դատավորը, խախտելով օրենքը, առանց մեղադրյալին ծանուցելու եւ առանց նրա մասնակցության, վճիռ է կայացրել եւ Վ. Թովմասյանին ճանաչել անմեղ»,-ասում է Ոսկեհատը եւ զարմանում, թե ինչու են արդարացրել վաշխառուին, այն դեպքում, երբ դատարանն ապացուցել է, որ նա գումարները տվել է Ռուբիկին: Այդ դեպքում ինչո՞ւ է պատժվում իր ամուսինը, որն օրեր առաջ հացադուլ էր հայտարարել:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ ԱՆՄԵՂԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ