Մեղադրանք է առաջադրվել Հ. Կոջոյանի կիսանդրին գողանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրու գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Կոջոյանի կիսանդրին գողացած անձի ինքնությունը, ով, ձեռք բերված ապացույցների համաձայն, միաժամանակ փորձել է գողանալ նաեւ Արա Սարգսյանի կիսանդրին։

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Աղանիկյանը 2015 հունվարի սկզբներին գնացել է Երևան քաղաքի Պուշկինի փողոց, իր հետ նախապես վերցրած մետաղյա առարկայով՝ Հակոբ Կոջոյանի բրոնզե կիսանդրին անջատել է պատվանդանից եւ տեղավորել պարկի մեջ, ապա փորձել է պոկել նաեւ Ա.Սարգսյանի բրոնզե կիսանդրին։ Նկատելով մոտեցող մարդկանց՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ, վերցնելով միայն Հ.Կոջոյանի կիսանդրին, հեռացել է։

Քրեական գործով նշանակված դատահետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ա.Սարգսյանի բրոնզե քանդակի եւ պատվանդանի վրա առկա են հետքեր եւ վնասվածքներ, որոնք մեխանիկական բնույթի են եւ կարող են առաջանալ օտար, պինդ մարմնի ներգործության արդյունքում։

Նախաքննությամբ պարզվել է նույն անձի կողմից նախկինում կատարված գողության մեկ այլ դրվագ եւս. բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նա 2014 թվականի գարնանը Երեւանի մի բնակչի խորդանոցից հափշտակել է միկրոսխեմաներ եւ գունավոր մետաղներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Աղանիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս