ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ վարկային համաձայնագիրը ներառելու է բոլոր մարզերը, բացի երեքից` Արմավիրի, Արարատի ու Կոտայքի մարզերից, քանի որ այդ մարզերը գնահատվել են առավել զարգացած:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը որպես հակափաստարկ նշեց, որ օրինակ՝ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում դույլերով ջուր են կրում: «Ինչու՞ ըստ համայնքների չեք իրականացնում այդ ծրագիրը, այլ ըստ մարզերի եք անում: Այս վարկային բեռը, որ պետությունը վերցնում է իր ուսերին, արդյոք կկարգավորի՞ գյուղացու հոգսը»,- հարցրեց Շիրակ Թորոսյանը:
Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը նշեց, որ վարկային ծրագրերը գյուղատնտեսության մեջ կարևոր են, քանի որ գյուղացիները տեղեկանում են կարևոր հմտություններին, օրինակ՝ ինչպես ճիշտ կտրատել միսը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ նշեց. «Հասկանում ենք, որ միսը ճիշտ կտրատելը, կովերին ճիշտ կթելը օգտակար է ու ճիշտ է, խնդիրն այն է, թե կառավարությունը դրա վրա որքան փող է ծախսում: Նշեցիք, որ կան գյուղեր, որ դույլերով են ջուր կրում, մենք բազմաթիվ վարկեր ենք քննարկել ջրային ոլորտի վերաբերյալ, կարո՞ղ եք նշել 4 գյուղ, որ վերջին 2-3 տարիներին դույլերով են ջուր տարել, բայց հիմա էլ դույլերով չեն կրում՝ վարկային ծրագրի իրականացումից հետո, և հիմա ունեն նորմալ խմելու ու ոռոգման ջրի համակարգ: Օրինակ՝ ունե՞նք հաջողված օրինակ, թե այսինչ համայնքում միսն այլևս ճիշտ են կտրատում»:
«Վարկային ծրագրի դոնորները նույնպես իրականացնում են ծրագրի արդյունավետության գնահատում, և եթե նախորդ ծրագրերը արդյունավետ չլինեին, նոր վարկային ծրագրեր չէին լինի»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Իմ վատագույն կանխատեսումը արտացոլվեց ձեր պատասխանում: Այդպես էլ չնշեցիք մի համայնք, որտեղ լավ ա, այլ ասում եք՝ էսինչ համայնքում լավ կլինի, բայց հասարակ գյուղացիները չեն կիսում ձեր լավատեսությունը ու արդյունավետությունը»: