ՀԱՐՑ. ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 23-ի խորհրդակցությունում որոշվեց Երեւանի Փոքր կենտրոնի ինքնակամ կառուցապատման ընթացքը կանխելու նպատակով ստեղծել կառավարական աշխատանքային խումբ, որը զբաղվելու էր Փոքր կենտրոնի փրկությամբ՝ կառուցապատման օրենքի մշակմամբ: Աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Հիմա օրենքը մշակման ի՞նչ փուլում է, եւ ո՞ր փողոցներով են անցնում Երեւանի Փոքր կենտրոնի սահմանները:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Օրենսդրական լուծումների մշակման նպատակով ուսումնասիրվել եւ վերլուծվել են ներկայացված բոլոր առաջարկությունները: Առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնք առաջարկվում է կարգավորել մշակվող օրենսդրական ակտի նախագծով:
Առաջարկությունները հիմնականում վերաբերում են Փոքր կենտրոնում իրականացվող քաղաքաշինական գործունեության նկատմամբ հատուկ եւ լրացուցիչ նորմեր սահմանելուն, գործող գոտիավորման նախագծերն ու կառուցապատման սխեմաները վերանայելուն, հանրային օգտագործման կանաչ տարածքները պահպանելուն, բարեկարգելուն եւ ընդարձակելուն: Կարեւոր նշանակություն է տրվում նաեւ հուշարձան համարվող շենքերի եւ դրանց պահպանման գոտիներում քաղաքաշինական գործունեության խնդիրներին, ձեւավորված բարձրարժեք շարքային կառուցապատման պահպանմանը, ինչպես նաեւ Փոքր կենտրոնի բեռնաթափմանը, կառուցապատման էկոլոգիական բաղադրիչի՝ «կանաչ ճարտարապետության» ուժեղացմանը, տրանսպորտային ու հետիոտնային ուղիների, բակային տարածքների, ստորգետնյա ուրբանիզացիայի կազմակերպմանն ու կատարելագործմանը եւ այլն: Քննարկման փուլում է Փոքր կենտրոնի սահմանների ձեւավորման հարցը:
Այժմ ընթացքի մեջ են օրենսդրական ակտի հայեցակարգային մշակումների աշխատանքները, որի շրջանակում ուսումնասիրվել է նաեւ հատկապես կարեւոր ճանաչված տարածքների եւ կառուցապատման ծրագրերի կանոնակարգմանն առնչվող միջազգային փորձը:
հետ կապերի եւ լրատվության բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ կատարվելիք աշխատանքներն իսկապես կկանխեն Փոքր կենտրոնի ապօրինի կառուցապատումը, ու կանաչ ճարտարապետությունն էլ կանաչ լույս կունենա: