Նախարարն առաջարկում է մեկընդմիշտ փակել դատավորների գրպանին դիպչելու թեման. միակ տուժողը պետք է լինի հարկատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարց հնչեցրին` ի վերջո` մտահոգիչ չե՞ն արդյոք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած վճիռները, որոնց արդյունքում պետբյուջեից Կառավարությունն ավելի քան 70 հազար եվրո փոխհատուցում պետք է տա: Նախարարը համաձայնեց, որ այս խնդիրը մտահոգիչ է, և դրանց լուծման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն:

Սակայն այդ քայլերը, Հ. Մանուկյանի գնահատմամբ, պետք է վայրենի չլինեն. «Մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որոնք քաղաքակիրթ երկրներում չեն կիրառվում: Այսինքն` մենք չենք կարող ունեզրկել դատավորներին, որոնցով նրանք այլևս չեն կարողանա աշխատել այդ համակարգում: Մենք չենք ուզում չէ՞ առանց դատական համակարգի երկիր ունենալ: Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, այն շատ կարևոր է երկրի համար: Եթե ուսումնասիրեք եվրոպական երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգ, որևէ տեղ չեք տեսնի, որ դատավորից գումար գանձվի Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով: Այնպես, որ ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»:

Արդարադատության նախարարը` որպես խնդրի լուծման այլ մեխանիզմ առաջարկեց դատական համակարգն այնպիսի վիճակի բերել, որպեսզի դատական սխալների հավանականությունը լինի շատ քիչ: Ապա լրագրողը հիշեցրեց, որ ընդդեմ ՀՀ-ի կայացրած վճիռներից մեկն այն գործով է, որի` ներպետական դատարաններում ընթացած դատաքննության ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահն է եղել Հովհաննես Մանուկյանը: Խոսքը 10 տարի առաջ անչափահաս աղջկա` առանձնակի դաժանությամբ սպանության մասին է, որի պաշտպանությամբ զբաղվում էր փաստաբան Սեդա Սաֆարյան:

Հիշեցնենք, որ վերջինս հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտարարելով, որ տուժող կողմի իրավահաջորդներն իրեն սպառնում են: Նշված գործին անդրադառնալու նպատակահարմարություն նախարաը չտեսավ. «Այո´, երկիրը պարտվել է: Իսկ Վճռաբեկի նախագահը դատավորների տնօրենը չէ: Նա չի կարող դատավորներին հանձնարարություններ տալ կոնկրետ գործով և որոշել` որ դատավորն ինչ որոշում պետք է կայացնի: Դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են»,- վստահեցրեց Հովհաննես Մանուկյանը:

Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը դատապարտված է ունենալ հասարակության դժգոհությունն առաջացնող և մարդու իրավունքները խախտող արդարադատության համակարգ: Նախարարն, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարեց, որ դատավորներին «նեղացնելը» պայթյունավտանգ կարող է դառնալ. անարդար և մարդու իրավունքների խախտմամբ վճիռ կայացնելու դիմաց նրանցից գումար բռնագանձելով` երկիրը կնպաստի այն բանին, որ դատավորները կհրաժարվեն աշխատել համակարգում:

Նախարարը, երևի թե, հաշվի չի առել շատ կարևոր մի հանգամանք ևս: Երկար տարիներ արդարադատության համակարգում աշխատելու ընթացքում Հովհաննես Մանուկյանը պետք է որ գիտակցեր այն պարզ ճշմարտությունը, որ անպատժելիությունն ամենաթողության է հանգեցնում: Դատավորները, բնականաբար, հասկանալով, որ սխալ վճիռ կայացնելու դեպքում պատիժ չեն կրի և որևէ պատասխանատվության չեն ենթարկվի, կշարունակեն գործել նույն ձևով, ինչի հետևանքով երկրում համատարած անարդարություն կլինի: Եվ, ինչպես միշտ, ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը կրողը հարկատուներն են լինելու:




Լրահոս