ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրաքաղաքում գործող 71 համարի երթուղին արդեն մի քանի օր է` շատ վատ է աշխատում: Ես ամեն օր ուշանում եմ աշխատանքից, քանի որ Հարավարեւմտյան թաղամասից միայն այդ համարն է տեղափոխում Կոմիտասի փողոց՝ կոնկրետ իմ աշխատավայր: Խնդրում եմ պարզել, թե ինչու է այդքան վատ աշխատում այդ երթուղին:

Մելինե Հարությունյան (33 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մելինե Հարությունյանի՝ Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ սույն թվականի սեպտեմբերի վեցին անց է կացվել Երեւանի ներքաղաքային միկրոավտոբուսային 71 համարի երթուղու սպասարկման իրավունքի մրցույթ: Դրա նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ առանձին օրերի երթուղու սպասարկման համար շարժակազմի անհրաժեշտ քանակը չի ապահովվել:
Ներկայում երթուղու աշխատանքը կանոնավորված է:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, երթուղու իրավունքի սպասարկման մրցույթի պատճառով, որը, ինչպես գիտենք, առանձնապես ոչինչ չի փոխում հասարակական տրանսպորտի աշխատակերպում, այդ երթուղուց օգտվող բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են դրանից օգտվելու հնարավորությունից: Կարելի է պատկերացնել, թե ինչպես են աշխատանքի շտապող մարդիկ կանգառում հրմշտում միմյանց՝ առաջինը երթուղային տաքսի բարձրանալու անկոտրում կամքով. չէ՞ որ մեր օրերում չոր աշխատավարձով ապրող մարդը հազիվ թե կարողանա իրեն թույլ տալ օգտվել տաքսի ծառայություններից: Չնայած դրանց օր օրի ավելանալուն՝ առատությանը՝ շատերի համար տաքսիները շարունակում են մնալ անհասանելի շքեղություն:




Լրահոս