Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀ նախագահի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագրի քննարկումից հետո պետք է կազմակերպվեր դրական եզրակացությամբ այն հերթական քառօրյայի օրակարգ ներառելու հարցի քվեարկությունը:
Սակայն ՀՀԿ մի քանի պատգամավորներ ներկա չէին և հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն առաջարկեց անցնել հաջորդ հարցի քննարկմանը և քվեարկել մի փոքր ուշ: Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն ընդդիմացան՝ պնդելով, որ ընթացակարգը չխախտի և անմիջապես հարցը դնի քվեարկության:
Մինչ այդ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, թե նախագծի վերաբերյալ վերապահումներ ունի: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը քվեարկեց ձեռնպահ և արդյունքում արձանագրվեց 6 կողմ, 5 դեմ և 1 ձեռնպահ և նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց. «Փաստորեն ԲՀԿ-ն էլի յլընտրանք է՞»: Փաշինյանն էլ նշեց. «Այլընտրա՛նք չեն, արդեն ընդդիմություն են»: Վահե Էնֆիաջյանն էլ բարկացավ. «Ձեր ձևակերպումներում զո՛ւսպ եղեք»: