ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման էր ներկայացվել Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին, որով Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական Հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտնեց, որ դեմ չէ նման հայտարարության ընդունմանը, միայն թե անվան հետ կապված խնդիր տեսավ. «Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ընդունի հայտարարության ընդունման մասին, եթե սա պետք է լինի հայտարարություն», – նշեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հետաքրքրվեց՝ ԱԺ-ն եթե ընդունի այս հայտարարությունը, դրանով ի՞նչ լավ գործ կանի, քանի որ Փոստանջյանի ներկայացրած հիմնավորումներն այդ հարցին պատասխան չեն տալիս: Փոստանջյանն արձագանքեց, որ 1989 թվականից ի վեր ՀՀ-ի արտաքին դիվանագիտության մեջ չի եղել փաստաթուղթ, որը հստակ դիրքորոշումներ ունենա.
«Այս հռչակագրի մեջ հստակ կետեր կան, որոնք հստակ պարտավորություններով ուղղված քայլեր են, մենք այս պահին ունենք վերլուծաբանների կողմից կատարված հետազոտություն, թե որքան վնաս է պատճառվել մեզ այս տարիների ընթացքում՝ բարոյական, նյութական և այլն. մենք պետական մարմինների կողմից վերլուծություն պետք է ունենայինք արդեն»,- նշեց Փոստանջյանը:
«Խնդրում եմ՝ մյուս անգամ նենց նախագիծ ներկայացրեք, որին մեծ սիրով կողմ կքվեարկեմ»,- նշեց Ֆարմանյանը: