Այժմյան աշխարհում տնտեսության մեջ շատ լարված տեմպ է գնում և միայն տեղումդ կանգնելու համար դու պետք է շատ արագ վազես: Հայաստանում ես չեմ զգում, որ մենք արագությամբ վազում ենք տնտեսության մեջ, մենք շատ առոք-փառոք կյանքով ենք ապրում` կան չքավորներ, ովքեր դժգոհ են և Հայաստանից գնում են և կան հարուստներ, որոնց միշտ կարող ես տեսնել ռեստորաններում, զվարճանում են ուղղակի: Այսօր Հանրային խորհրդի հրավիրած արդունաբերության զարգացման թեմայով քննարկման բացման խոսքում ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Ինձ մի քանի տարի առաջ Սինգապուրում բախտ վիճակվեց մի տեսարանի ականատես լինել: Տեղավորվել էի լավագույն հյուրանոցներից մեկում, որոշեցի իջնել ներքև և մտածում էի, որ ներքևում, ինչպես բոլոր ռեստորաններում, նստած շամպայն են խմում, բայց ոչ` նրանք նստած էին ու բիզնես ծրագրեր էին քննարկում, դու զգում էիր որ քաղաքն ապրում էր տնտեսությամբ, բոլորը դրա մեջ էին: Ես Երևանում ման եմ գալիս և մտածում` ինչու մեզ մոտ այդպես չէ: Ես չեմ կարծում, որ դա մեր ժողովրդից է գալիս, մեր ժողովուրդը շատ աշխատող է: Երևի կան խոչընդոտներ, խանգարող հանգամանքեր: Մենք կուզենայինք նստել, քննարկել, թե ինչ խոչընդոտներ են խանգարում մեր տնտեսության զարգացմանը»,- ասաց Մանուկյանը` դիմելով արդունաբերական 30-ից ավել ընկերությունների տնօրեններին:
Վազգեն Մանուկյանի խոսքով` տնտեսության զարգացման համար կարևոր է ունենալ հստակ ճանապարհ, որով դու գնալու ես, հետո պետք է լինեն գրված և չգրված խաղի կանոններ, որոնք համապատասխանում են այդ ճանապարհին:
«Շատ կարևոր է, որ բոլորի մոտ պետք է համոզվածություն լինի, որ խաղի կանոնները երկարատև են և աշխատում են բոլորի համար անխտիր: Հայաստանն անկախություն ստանալուց հետո հռչակեց, որ գնալու է լիբերալ ճանապարհով: Գրվեցին օրենքներ, որոնք քիչ թե շատ համապատասխանում էին լիբերալ ճանապարհին, բայց ժամանակի ընթացքում այդ չգրված օրենքները հանում են գրված օրենքներին: Սակայն, ով ասեց, որ ամենաճիշտը լիբերալ ճանապարհն է: Ներկա պահին գործող օրենքները հակասում են տնտեսության զարգացմանը: Հանրային խորհուրդ են գալիս շատ ձեռներեցներ, ովքեր ներկայացնում են տնտեսության զարգացման խոչընդոտները»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Այնուհետև արդյունաբերական ընկերությունների տնօրենները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը տնտեսական ոլորտի օրենքների վերաբերյալ, առաջարկեցին լուծման իրենց տարբերակները: