«Միկա ցեմենտ»-ի տնօրենը ժամանակացույց է խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային խորհրդում այսօր արդյունաբերության զարգացման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ նախկին «Միկա Ցեմենտ», այժմ «Հրազդան Ցեմենտ» ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն ընկերության գործունեության դժվարության վերաբերյալ Հանրային խորհրդի նախագահին ներկայացրեց իր դժգոհությունները:

Վերջինս նշեց, որ հարցեր շատ կան, սակայն ինքը կներկայացնի ամենակարևոր հարցը: «Վերջին տարիներին տնտեսական ճգնաժամի պատճառով արդյունաբերությունը գտնվում է շատ վատ վիճակում: Կոնկրետ ցեմենտի արտադրությունը նվազել է: Տնտեսական ճգնաժամի պատճառով հայտնվել ենք շատ վատ վիճակում: Ցեմենտի արտադրության ծավալները նվազեցին, հարկերը ժամանակին չկարողացանք վճարել, շինարարության աշխատանքները կանգ առան: Հարկերը ժամանակին չմուծելու պատճառով սկսեցին հաշվարկել տույժ և տուգանքներ: Գումարները հավաքվեցին, կուտակվեցին: Կոնկրետ մենք 2005 թվականի մարտի 1-ի դրությամբ ունենք 509 մլն դրամ պարտք, որից 367 մլն-ը տույժ էր հաշվարկված: Մայր գումարը 141 միլիոնն էր»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:

Վերջինս Հանրային խորհրդի նախագահին խնդրեց համապատասխան մարմիններին առաջարկել` տրամադրել ժամանակացույց այդ տույժերի մարման համար, քանի որ ներկա պահին ընկերությունը հնարավություն չունի մարելու այդ գումարները: «Բայց այդ ժամանակացույցը պետք է կարճատև չլինի»,- հավելեց «Հրազդան ցեմենտ»-ի տնօրենը:

Նշենք, որ «Միկա ցեմենտ» ընկերությունը ցեմենտի արտադրության խոշորագույն գործարաններից մեկն է տարածաշրջանում: «Միկա ցեմենտ» տարբերանշանով արտադրանքն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան որակ և լայնորեն հայտնի է Հայաստանում: Գործարանը գործում է 1970թ. ստեղծված լեռնա-քիմիական գործարանի հիմքի վրա:




Լրահոս