ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ԳՅՈՒՂԻՑ ԳՅՈՒՂ ԵՆ ՇՐՋՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը Սյունիքի մարզում էր: Այցելության նպատակը Սյունիքի ինը համայնքի անդամների հետ հանդիպելն էր: Բանն այն է, որ մայիսի 17-ին համայնքների խոշորացման հետ կապված տեղական հանրաքվե պետք է անցկացվի նաեւ Սյունիքի մարզում, եւ նախարարը մարզ էր գնացել` գյուղացիներին անձամբ բացատրելու համար, թե իրենից ինչ է ներկայացնում համայնքների խոշորացում ասվածը: Ա. Երիցյանի հետ էր նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Երիցյան, գյուղացիների հետ հանդիպումից ինչ տպավորություն ունեցաք, արդյո՞ք նրանք ցանկանում են, որ համայնքների խոշորացում լինի, եւ իրենց գյուղերը միավորվեն:
-Հեռվից բոլորին թվում է, թե գյուղացին տեղյակ չէ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենալու: Ոչ, տեղեկացնեմ, որ գյուղացին առաջինն է տեղեկանում ծրագրի մասին, քանի որ ինքն է որոշելու՝ արդյոք դա իրեն պետք է, թե ոչ: Դրա համար ենք մենք կազմակերպել այս հանդիպումները, ես արդեն հայտարարել եմ, որ մենք բոլոր գյուղերում լինելու ենք, լսելու ենք գյուղացուն, ներկայացնելու ենք այն, ինչը պետք է պիլոտային ծրագրով իրականացվի: Չպետք է ուղղակի հայտարարել, թե գյուղացիները տեղյակ չեն այն ծրագրից, որն իրականացվելու է: Դա սխալ է: Մեր գլխավոր նպատակն այն է, որ հենց գյուղացիների հետ խոսենք, գյուղացուն ներկայացնենք այն, ինչն առնչվում է իրենց ապրելակերպի հետ: Ի վերջո, գյուղացին պետք է հանրաքվեի միջոցով ասի՝ ինքը ցանկանում է, որպեսզի համայնքների խոշորացումներ լինեն, թե ոչ:
-Այնուամենայնիվ, կարծես գյուղացիների համար դեռեւս անորոշ է, թե իրենից ինչ է ներկայացնում համայնքների խոշորացումը, իսկ ոմանք էլ հայտարարում են, որ այդ կերպ գյուղում կոչնչացվեն առկա ենթակառուցվածքները` դպրոց, գյուղապետարան, բուժկենտրոն, բացի այդ` աշխատատեղերը կնվազեն:
-Տեսեք, Դուք մի բան եք ասում, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Դուք ասում եք, որ դպրոց կամ գյուղապետարան է փակվելու, նման բան չի կարող լինել: Մենք դպրոց չենք փակում, մենք նման իրավունք էլ չունենք, մենք ուզում ենք համայնքների խոշորացումով բարելավել գյուղի կյանքը, ոչ մեկը չի զրկվելու իր աշխատանքից, ընդհակառակը, մենք այնպես ենք ուզում անել, որ մարդիկ աշխատեն: Մենք ուզում ենք, որ գյուղացիներն աշխատանք ունենան, որպեսզի չարտագաղթեն, որպեսզի համատեղ աշխատեն ու արդյունք ունենան: Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ առանց տեղյակ լինելու, թե իրականում ինչ է լինելու, նման հայտարարություններով հանդես գան: Իմացեք մի բան, բացի իմ այցելություններից՝ գյուղեր այցելելու են նաեւ մեր աշխատակիցները, մեր մասնագետները, որոնք եւս զրուցելու են գյուղացիների հետ եւ մանրամասնորեն ներկայացնելու այն, ինչ լինելու է: Բայց կրկնում եմ` դա լինելու է միայն գյուղացիների ցանկությամբ: Ես մեր բոլոր հանդիպումների ժամանակ էլ նշել եմ, որ եթե գյուղացին ասի՝ ոչ, մենք համաձայնելու ենք իրենց տեսակետի հետ:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Պարո՛ն Խաչատրյան, արդյո՞ք Ձեր ղեկավարած մարզի բնակիչները կողմ են համայնքների խոշորացմանը: Ինչո՞ւ եք որոշել հիմա նման ծրագիր իրականացնել, դա ի՞նչ է տալու գյուղացուն:
-Սա այն մարզն է, որտեղ իսկապես այդ խոշորացման կարիքն ունենք: Գյուղերում բնակչությունը շատ քիչ է: Օրինակ՝ Ագարակում կա կոմբինատ, որի գույքահարկն ու հողի հարկը բավականին խոշոր թվեր են կազմում: Ու քաղաքներն այդ գույքահարկից, հողի հարկից չեն օգտվում, բայց մի գյուղում, որտեղ տասը մարդ է ապրում, իրենք են դրանից օգտվում, չգիտես՝ այդ գումարներն ինչ են դառնում: Իսկ եթե այդ գումարները քաղաքին տրվեն, քաղաքում բավականին զարգացում կլինի:
-Այսինքն՝ սա նշանակում է, որ գյուղացու ու գյուղի զարգացումն այդքան էլ չեք կարեւորում, ու Ձեզ համար կարեւոր է միայն քաղաքի զարգացո՞ւմը:
-Նման բան չկա, գյուղացիներն այսօր բոլորն էլ պատրաստ են, բոլորն էլ հասկանում են, որ ճիշտ տարբերակը սա է: Ուղղակի պետք չէ ժամանակից առաջ ընկնել ու հայտարարություններ անել: Սպասեք, կտեսնենք այս ամենի արդյունքները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՌԴ-Ն ՊԵՏՔ Է ՔԱՅԼ ԿԱՏԱՐԻ, ՈՐ ԱՅԴ ԶԵՆՔԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀՀ-Ի ԴԵՄ

ՌԴ պետդումայի պատգամավոր Վասիլի Լիխաչեւը կարծում է, որ Ադրբեջանին զենք վաճառելով` Ռուսաստանը չի մտածել, որ այն կարող է օգտագործվել հայերի դեմ: «Ժողովուրդի» հետ զրույցում պատգամավորը նկատել է, որ Ռուսաստանը, ճիշտ է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սակայն Ադրբեջանի հետ էլ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունի:

-Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին շատ է խոսվել, վերջերս էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դա կարող է վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հայաստանին պատերազմով սպառնացող Ադրբեջանի եւ ՌԴ միջեւ զենքի վաճառքի շարունակական գործարքներին:
-Շատ կարեւոր է ընդգծել Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի բարդ հարաբերությունների մասին, քանի որ այս եռանկյան բոլոր կողմերն էլ իրենց շահերն ունեն: Գտնվելով Երեւանում` ինձ համար շատ կարեւոր է, որ Ռուսաստանը կատարի ռազմավարական դաշնակցի իր պարտականությունները: Այս եռանկյունում մի շատ կարեւոր հանգամանք կա. Ռուսաստանն այստեղ ամենակոշտ ձեւով պետք է իրեն դրսեւորի Մինսկի խմբում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ տարբերակներ առաջարկի: Ադրբեջանին զենքի վաճառքը, իրոք, նուրբ հարց է: Իհարկե, կան որոշակի պարտականություններ Բաքվի առաջ, սակայն ես այստեղ շեշտը կդնեի այն բանի վրա, որ Ռուսաստանը պետք է ձեռնարկի այնպիսի դիվանագիտական, գործընկերային քայլ, որ այդ զենքը չօգտագործվի Հայաստանի դեմ:
-Ստացվում է, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական ԴԱՇՆԱԿԻՑՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ երաշխավորը, զենք է վաճառում Ադրբեջանին, որն էլ վերջինս օգտագործում է հենց հայերի դեմ:
-Ես կարծում եմ, որ Մոսկվայում նույնիսկ միտք չի եղել, որ այդ զենքը, հայտնվելով ադրբեջանական կողմում, կօգտագործվի հայերի, խաղաղ քաղաքացիների դեմ:
-Իսկ այդ դեպքում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել:
-Կարեւոր է այն, որ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը ոչ միայն վերջնականապես միմյանց ձեռք սեղմեն եւ խաղաղություն սահմանեն, այլեւ այն, որ պայմանագիրը մշտական բնույթ կրի: Մենք տեսնում ենք, որ բանակցող կողմերը հանդիպում են, քննարկում, սակայն ամեն ինչ անօգուտ է լինում:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 
ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԻՆ
ՀՀ արդարադատության խորհուրդը մարտի 30-ի որոշմամբ նախազգուշացում է հայտարարել Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն այս խնդրին անդրադարձել էր դեռ անցած շաբաթ` ներկայացնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նույն դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի մեկնաբանությունները: Վերջինս չբացառեց, որ իրենց դատարանի դատավորը կարող է ինչ-որ հարցում սխալված լինել, ինչը ըստ Սարգսյանի՝ իր պատճառներն ունի. «Եթե մի դատավորի վարույթում կա 2000 գործ, ու նա տարվա ընթացքում քննում է 900-ից ավելի գործ, ինչպես կարող է նման ծանրաբեռնվածության արդյունքում մարդը չսխալվել»:

 

ԲՆԱԿԱՐԱՆ ԿՏԱՆ
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է բնակարանի հարցում օգնել 2015թ հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների բարեկամուհի Կարինե Ավետիսյանին: Նա մինչեւ ոճրագործությունը Ավետիսյանների հետ Գյումրիում ապրել է Մյասնիկյան 188 հասցեում` նույն բակում, կողքի տանը: Ավետիսյանների սպանությունից հետո Կարինե Ավետիսյանը հրաժարվել էր իր տնից եւ «Ժողովուրդ»-ին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ: Օրերս նա հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ խնդրել օգնել իրեն բնակարանով: «Հանդիպեցի, մարզպետն ասաց, որ կօգնի՝ ինչով կարող է: Ես դեպքից հետո չեմ գնացել ու չեմ գնալու էդ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը:

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի լույս 31-ի գիշերը Երեւանի Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկում գործող «Պենտ հաուս» գիշերային ակումբում կրակոցներ են հնչել: Ըստ լուրերի՝ հաճախորդներից մեկը սկսել է անհանգստացնել գիշերային ակումբի պարուհիներից մեկին, ակումբի անվտանգության աշխատակիցները միջամտել են, եւ բանը հասել է կրակոցներին: Էդգար անունով մի երիտասարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով: Ի դեպ, նշված տարածքի բնակիչները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, մեզ հետ զրույցում պատմեցին, որ նշված գիշերային ակումբում գրեթե ամեն օր ինչ-որ միջադեպ է տեղի ունենում, սակայն այս մի դեպքն արտառոց է եղել, քանի որ նաեւ կրակոցներ են հնչել:

 

ՍԴՀԿ-Ն ՓՈՂ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հրապարակել է 2014 թվականի իր գործունեության մասին հաշվետվությունը: Ստացվում է, որ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կուսակցության ֆինանսական մուտքերի եւ ելքերի շարժը զրոյական է եղել:




Լրահոս