Կյանք փրկող ծրագիրն ընդլայնվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր ստորագրվեց սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի իրականացման նոր հուշագիր։

Հունվարի 1-ից  Երևանի 4 և մարզային 2 բժշկական կենտրոններում մեկնարկել է  սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Սուր, ծանր ինֆարկտի դեպքում, երբ առկա է մեր բնակչությանն արդեն քաջածանոթ ST-էլևացիա, անվճար` պետության կողմից երաշխավորված, տեղադրվում է ոչ դեղապատ մեկ ստենտ։

«Երեք ամսվա ընթացքում կյանք փրկող այս ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 399 քաղաքացի։ Նրանցից 376-ը ստենտավորվել է, իսկ մյուսների կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։ Բոլոր դեպքերի հիվանդության պատմություններն ուսումնասիրվել են մասնագետների խմբի կողմից, որպեսզի վերլուծենք դրանք և  վերագնահատենք մեր մոտեցումներն ու հստակեցնենք չափորոշիչները»,-ասաց նախարարը։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս ծրագիրը մնալու է ուշադրության կենտրոնում։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ մարդիկ այս ծրագրում ընդգրկվում են մասնագետների օպերատիվ որոշումների արդյունքում և  հնարավոր չէ նրանց հերթագրել։ Այս հանգամանքը պարտադրում է կրկնապատիկ  ուժեղացնել հսկողությունը»,-նշեց նախարարը։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը և մոնիտորինգի խմբի ղեկավար Ալինա Օհանյանը ներկայացրեցին ծրագրի նկատմամբ իրականացված մոնիտորինգի արդյունքները։  Նշվեց, որ ծրագրի շրջանակում բուժօգնություն ստացած 399 քաղաքացու 57 տոկոսը երևանաբնակ են, մյուսները`տարբեր մարզերից, 106-ը 70-ից բարձր տարիքի են։ Մանրամասն ուսումնասիրվել են հիվանդության բոլոր պատմությունները, ինչպես նաև կատարված հետազոտությունների արդյունքները։ Ցավոք, 13 դեպքում չի հաջողվել փրկել ծանր ինֆարկտ տարած մարդկանց կյանքը։ Նրանք հիմնականում 80-ն անց քաղաքացիներ են, որոնց մոտ ախտորոշվել է կարդիոգեն շոկ, բազմակի օրգանների ախտահարումներ։

«Այսօր կնքվող հուշագիրը թույլ կտա հիվանդներին ավելի օպերատիվ կերպով հասցնել կլինիկաներ և ավելի արագ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն»,-ասաց ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը` հավելելով, որ նախկինում բազմաթիվ հիվանդներ ֆինանսների բացակայության պատճառով չէին ստանում բժշկական նման ծառայություն։

Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության և արդեն 10 բժշկական կենտրոնների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ  ստենտի տեղադրում) ծառայությունների իրականացման մասին։

«Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա» բժշկական կենտրոններից, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններից բացի այսուհետև կյանք փրկող ծրագիրը կիրականացվի նաև «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում», «Արամյանց բժշկական կենտրոնում», «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոնում» և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ում։

«Փորձարարական եռամսյակը վկայում է, որ ծրագրի հանդեպ բնակչության շրջանում կա վստահություն և այն արժանանում է բարձր գնահատականի ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի հեղինակավոր մասնագետների կողմից»,-հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորելով բոլորին` ասաց Արմեն Մուրադյանը։ Նա նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՀՀ Ան գլխավոր սրտաբանի և ծրագրում ընդգրկված նոր կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկել կազմակերպական հարցերը և առաջարկներն ամփոփել ծրագրի չափորոշիչներում: Քննարկվեցին նաև սրտաբանների վերապատրաստման,  դեղերի, ստենտների ապահովման հարցերը:

Նշվեց, որ մշտադիտարկումները կշարունակվեն`  բժշկական օգնության և սպասարկման  որակի, ինչպես նաև ծրագրի արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Հիշեցնենք, որ եզակի այս ծրագրից օգտվում են այն քաղաքացիները, ովքեր  ընդգրկված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում։




Լրահոս