ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկը երեկ հրապարակել է այս տարվա փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումների վիճակագրությունը: Ըստ այդմ, պարզվում է, որ իրականանում են բոլոր այն կանխատեսումները, որ Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում:

Այսպիսով՝ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով ընդհանուր Հայաստան է փոխանցվել 87 միլիոն 505 հազար դրամ, անցած տարվա 138 միլիոն 716 հազարի դիմաց: Հայաստանից դրամական միջոցների արտահոսքն այս տարվա փետրվարին կազմել է 59 միլիոն 965 հազար դոլար: Անցած տարվա փետրվարին գումարի արտահոսքի ցուցանիշը կազմել է 70 միլիոն 417 հազար դոլար: Այսինքն՝ ընդհանուր արտահոսքը նվազել է, սակայն Հայաստան եկած գումարների կտրուկ անկման արդյունքում «զուտ ներհոսքը»` մեր հանրապետություն փոխանցված եւ դուրս գնացած գումարների տարբերությունը, կազմել է ընդամենը 27 միլիոն 540 հազար դոլար: Անցած տարվա նույն ամսին տրանսֆերտների դրական մնացորդը կազմել էր 68 միլիոն 300 հազար դոլար: Անկումը կազմել է մոտ 60 տոկոս: Փետրվարին Հայաստան փոխանցված գումարների առավել ցածր մակարդակ վերջին անգամ արձանագրվել է ինը տարի առաջ` 2006 թվականին: Նույնիսկ 2009-ի փետրվարին` միջազգային տնտեսական ճգնաժամի ամենածանր շրջանում, Հայաստան փոխանցված գումարների զուտ ներհոսքը կազմել էր 30 միլիոն 872 հազար դոլար:
Այս տարվա առաջին երկու ամիսներին տրանսֆերտների դրական մնացորդը կազմել է 55 միլիոն 563 հազար դոլար: Անցած տարի այդ նույն ցուցանիշը եղել է 136 միլիոն 574 հազար դոլար, 2013-ին` 136 միլիոն 233 հազար դոլար, 2012-ին` 129 միլիոն 282 հազար դոլար: Այսինքն՝ այս տարվա միայն առաջին երկու ամիսներին տրանսֆերտների չափը սովորականից պակաս է ավելի քան 80 միլիոն դոլարով: Տրանսֆերտների հետ կապված մեկ այլ կարեւոր փոփոխություն եւս տեղի է ունեցել, խոսքը Հայաստան եկող գումարների կտրուկ անկման պայմաններում Հայաստանից դեպի արտերկիր ոչ առեւտրային փոխանցումների պահպանվող մեծ ծավալաների մասին է: Այս տարվա փետրվարին Հայաստանից դեպի արտերկիր ոչ առեւտրային փոխանցումները կազմել են 26 միլիոն 844 հազար դոլար: Եթե մի դեպքում արտերկրում ապրող մեր հայրենակիցներն են իրենց հարազատներին գումար ուղարկելով նրանց այստեղ «պահում», ապա այս դեպքում հակառակ պատկերն ունենք, երբ Հայաստանում բնակվողներն են արտերկիր գումար ուղարկում՝ իրենց հարազատների սոցիալական կարիքները հոգալու համար: Ի դեպ, Հայաստանից ոչ առեւտրային դրամական փոխանցումների զգալի մասը` մոտ 19 միլիոն դոլար, գնացել է Ռուսաստան: Անցած տարվա փետրվարին դեպի Ռուսաստան ոչ առեւտրային փոխանցումները կազմել են մոտ 16 միլիոն 600 հազար դոլար, սա այն դեպքում, երբ 2014-ի փետրվարին ոչ առեւտրային փոխանցումների ընդհանուր չափն ավելի մեծ է եղել եւ կազմել է 29 միլիոն 320 հազար դոլար: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցները ստիպված են ավելի շատ գումար հատկացնել՝ Ռուսաստանում ապրող իրենց ազգականներին օգնելու համար:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ այդ անկումը սկսվել է դեռեւս անցած տարվա աշնանից, ապա հասկանալի կդառնա, թե այդ երեւույթը Հայաստանի տնտեսությանը որքան ծանր կացության մեջ է դրել: Իսկ շարունակվելու դեպքում էլ այն կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Տրանսֆերտների անկման հիմնական պատճառը Ռուսաստանից եկող գումարների կտրուկ նվազելու փաստն է, որը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից եւ շարունակում է մինչ օրս:
Նույնիսկ ռուս փորձագետները Ռուսաստանի տնտեսության վիճակի բարելավում չեն կանխատեսում եւ չեն թաքցնում, որ գնալով իրավիճակն է՛լ ավելի կվատթարանա: Ուստի ակնհայտ է, որ տրանսֆերտների անկումն առաջիկայում շարունակվելու է: Սակայն, եթե մինչ այս այդ գործոնը Հայաստանի ընդհանուր տնտեսության մեջ իրեն այդքան զգացնել չէր տալիս, ապա գնալով այդ երեւույթի բացասական հետեւանքներն առավել ցայտուն եւ առարկայական կդառնան: Ուստի նման պայմաններում ամենեւին էլ պատահական չէ, որ Հայաստանի ողջ ղեկավարությունը` Սերժ Սարգսյանից սկսած, վերջին ամիսներին աշխարհով մեկ ընկած փող է փնտրում, առայժմ՝ ապարդյուն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆԻՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում իրենց խմբակցությունում քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ-ի ընդդիմադիր խմբակցությունները սպասում են այն տեքստին, որն այս օրերին մշակվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը: «Մենք հստակ նշել ենք այն ռիսկերը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ Ղարաբաղի խնդրի հետ կապված, որոնք կլինեն խորհրդարանական կառավարման մոդելի հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա սահմանադրական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանն ինքը պաշտոնապես հաստատեց, որ աշխատում են մեկ տարբերակի վրա, այսինքն՝ կիսանախագահական գործող մոդելը բարելավելու տարբերակի վրա: Հիմա խոսել ինչ-որ փաստաթղթերի գոյության մասին, անլուրջ է: Իսկ խորհրդարանական մոդելի մասին մեր դիրքորոշումը կհայտնենք, երբ խորհրդարան կգա այդ երկրորդ տարբերակը, կամ վերջնական փաստաթուղթը»- հայտնեց ԲՀԿ ղեկավարը:

 

ՀԱՄԵՑԵՔ, ԱՍՄՈՒՆՔԵՔ
Մարտի 25-ին խորհրդարանում ՀՀ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն ասել է, թե սահմանամերձ գյուղերում ասմունքի սարսափելի խմբակներ են գործում: ՀՀԿ-ական պատգամավորը մահացու մեղադրանք էր ներկայացրել Կառավարությանը` ասելով, որ խնդրին պետական մակարդակով ուշադրություն չի դարձվում, եւ ուղղակի բարձիթողի վիճակ է: ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը մտադիր է գյուղերում հրավիրել տարբեր մշակույթի գործիչների, որոնք գյուղում դասեր կանցկացնեն: «Ես որոշել եմ մշակույթի տարբեր գործիչների հրավիրել գյուղեր, որոնք, թող ասենք, մեկ շաբաթ գյուղում ապրեն, շփվեն գյուղացիների հետ ու իրենք էլ ասմունքի դասեր տան, երգ-երաժշտություն դասավանդեն ու մի քանի օր էլ գյուղացու կյանքով ապրեն, հասկանան գյուղացու ապրելակերպը»,- ասաց Երիցյանը:

 

ՀԱՅՑ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ԹովարդԸլայնս» ՍՊԸ-ն այս տարվա փետրվարի 10-ին դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության: Հայցվորը պահանջում է նախարարությանը պարտավորեցնել իրենց միջեւ կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքը եւ պայմանագրով նախատեսված տուգանքը: Նույն հայցի շրջանակներում «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը ինքնուրույն պահանջ է ներկայացրել: Իսկ թե ինչու է բնապահպանության նախարարությունը պարտքեր կուտակել, այդ գերատեսչությունից խոստացան պատասխանել ավելի ուշ` գրավոր հարցման հիման վրա:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՐԹԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆՆ Է
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը վաղուց էր կանխատեսել, թե ինչ կլինի Գագիկ Ծառուկյանի հետ: Aravot.am-ի հետ զրույցում նա հիշեցրել է, որ ժամանակին ինքը հստակ ասել էր. «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ով կանգնում է, սնանկանում է»: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի ապագային, ապա Կարապետյանի կանխատեսմամբ` հերթը նրանն է.«Միանշանակ այդպես է, ես դրանում կասկած չունեմ, որ ամեն ինչ որոշվելու է այդ տիրույթում: Հովիկ Աբրահամյանին հանելու են աշխատանքից»:

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ հայ-չինական զարգացում ապրող հարաբերություններն ամենեւին էլ հայկական դիվանագիտության «պայծառ» հաղթանակը չեն: «Դա ավելի շատ Չինաստանի դիվանագիտության հերթական հաղթանակներից մեկն է: Մարդիկ մտածում են իրենց երկրի ապագայի մասին եւ տեսնում են շատ հեռուն: Դա իրականում մետաքսի ճանապարհն է, որն, ինչպես գիտեք, Թուրքիայի եւ Ադրբեջանի շնորհիվ շրջանցում էր Հայաստանը: Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց դիվանագիտական հնարանքներով կեղծ մետաքսի ճանապարհ գծեցին, որտեղ Հայաստանը ներգրավված չէր եւ դուրս էր մնում տարածաշրջանային բոլոր գլոբալ նախագծերից: Այժմ Չինաստանն առաջ է քաշում մետաքսի ճանապարհի իրական ուղին, որն անցնում է Հայաստանով եւ շատ ձեռնտու է մեզ»,- Hayeli.am-ին ասել է Եղիազարյանը:

 

ՉԻ ՀԵՐՔԵԼ
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը, թե համապատասխանո՞ւմ է իրականությանը Չինաստանից զենքի մատակարարումների պայմանավորվածության վերաբերյալ մամուլում հայտնված տեղեկությունը, նշել է, թե. ««Լավատեղյակ աղբյուրներին» հղումով չակերտավոր նորությունները ենթակա չեն մեկնաբանման»:

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ-ում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված քննարկման բացմանը:
«ԵՏՄ-ի գործունեությունն ավելի է խորացնում անդամ երկրների միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող երկկողմ կապերն ու հարաբերությունները, ինչպես նաեւ մեծ հնարավորություններ է ընձեռում առեւտրատնտեսական ոլորտում միջպետական փոխգործակցության համար: Այս ամենն անչափ կարեւոր է ներկայիս աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործընթացներում», – ասել է Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ միջոցառման ընթացքում հնչած առաջարկությունները կգտնեն իրենց գործնական կիրառումը:

 

ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ Է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել:
«Քննարկվել է իրավիճակը Եմենում, անդրադարձ է կատարվել Լոզանում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի եւ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մասին հարցերին», – ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

 

ՀԱԿԱՄԵՌԵԼՈՑԱՅԻՆ
Մեռելոցի օրերը դառնում են աշխատանքային: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային, քանի որ Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել: Հիշեցնենք, որ այդ երկուշաբթիները դարձել էին ոչ աշխատանքային Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Այդպիսով` Հովիկ Աբրահամյանը փոխում է իր նախորդի հաստատած ավանդույթը, որը, ի դեպ, լուրջ դժգոհության առարկա էր դարձել:




Լրահոս